Սիրիայի տեղեկատվության նախարար. Էրդողանի կառավարությունը նպաստել է զինված ահաբեկիչների Քեսաբ հասնելուն
Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ալ-Զոուբին հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը պարբերաբար նպաստել է զինված ահաբեկիչների Քեսաբ հասնելուն: Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը:
Սիրիայի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախարարը Էրդողանին մեղադրել է միջազգային բանաձևերը խախտելու մեջ` կոչ անելով դատապարտել բոլոր տեսակի ահաբեկչական գործողությունները:
«Էրդողանի գործողություններն ապացուցում են, որ Սիրիայի իշխանությունները ճշմարիտ էին, երբ հայտարարում էին, որ Էրդողանը և իր կառավարությունը ներգրավված են միջազգային ահաբեկչության մեջ: Այն մարդիկ, ովքեր մտան Լաթաքիա, ոչ ընդդիմության անդամներ էին, ոչ էլ Սիրիայի քաղաքացիներ: Նրանք զինված խմբավորումներ են և վերապատրաստված օտարերկրացիներ` որոշակի նպատակներով և ծրագրերով»,-ասել է Ալ-Զոուբին:
Նա նաև ավելացրել է, որ արաբական և տարածաշրջանային այնպիսի վարչակարգեր, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Կատարը և Թուրքիան հովանավորում են ահաբեկչությանը: