Թուրք գործարարները կոչ են անում 2015թ. խորհրդարանական ընտրություններն անցկացնել 2014-ին
Թուրքիայում ավարտվեցին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները: Բայց դեռ երկու կարևոր նշանակության ընտրություններ առջևում են. 2014-ի օգոստոսին անցկացվելու են նախագահական, իսկ 2015-ին` խորհրդարանական ընտրություններ:
Թուրքիայի գործարար շրջանակների ներկայացուցիչները հիմնականում կողմ են, որ նշյալ բոլոր ընտրությունները կազմակերպվեն ու ամփոփվեն ընթացիկ տարում: Խոսքը մասնավորապես 2015-ի խորհրդարանական ընտրություններին է վերաբերում:
Ստամբուլի արդյունաբերական պալատի (İSO) նախագահ Էրդալ Բահչիվանը գործարար հայտարարություն է արել, թե ավելի նպատակահարմար և անհրաժեշտ է, որ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն վաղաժամ` 2014թ. նախագահական ընտրությունների հետ միասին: Այս տեսակետը հավանության է արժանացել Թուրքիայի գործարար աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների կողմից:
Դենիզլիի արդյունաբերական պալատի նախագահ Մուժդաթ Քեչեջին օգտակար է համարել նախագահական և խորհրդարանական ընտրությունների միաժամանակյա անցկացումը, ինչի արդյունքում 2015 թվականը զերծ կմնա ընտրական գործընթացներից, հետևաբար և կունենա առավել կայուն միջավայր տնտեսական տեսանկյունից:
Քոջաելիի արդյունաբերական պալատի նախագահ Այհան Զեյթինօղլուն պաշտպանել է վերոնշյալ տեսակետը: Խորհրդարանական ընտրությունների վաղաժամ անցկացումը, ըստ նրա, նպաստավոր է 2015-ին ներդրումների հոսքը չկասեցնելու առումով: Որպես օրինակ` Զեյթինօղլուն մատնանշել է, թե ինչպես է ՏԻՄ ընտրական գործընթացների պատճառով մի քանի ամսով դադարել ներդրումների իրականացումը երկրում: Բացի դրանից Զեյթինօղլուն կարևորել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի գործոնը ու առավել ևս անհրաժեշտ համարել 2015-ի ընտրությունները 2014-ին անցկացնելը:
Ադանայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Աթիլա Մենևշեն կարծիք է հայտնել, որ խորհրդարանական ընտրությունների վաղաժամ անցկացումը տնտեսական օգտակարություն կարող է ունենալ 2015 թվականին Թուրքիայի համար:
Հիշեցնենք, որ 2014-ի մարտի 30-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել էր մրցակից կուսակցություններին:
Իշխանական ԱԶԿ (Արդարություն և զարգացում կուսակցություն) – 45. 53 %
Ընդդիմադիր ԺՀԿ (Ժողովրդահանրապետական կուսակցություն) – 27. 88 %
Ընդդիմադիր ԱՇԿ (Ազգայնական շարժում կուսակցություն) – 15. 20 %
Քրդական ԽԺԿ (Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն) – 4.04 %
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում