Վլադիմիր Ջաբարով. Ուկրաինայի` ԱՊՀ-ն լքելու որոշումը կապված է Ղրիմի հանրաքվեի հետ
«Ուկրաինայի` ԱՊՀ-ից դուրս գալու հայտարարությունը կապված էր Ղրիմի անկախության հանրաքվեի հետ: Ուկրաինան ԱՊՀ-ի հիմնադիր երկրներից է և ես չեմ կարծում, որ Կիևը դուրս կգա ԱՊՀ-ից»,-այսօր Մոսկվա-Աստանա-Կիև-Երևան տեսակամրջի ժամանակ անդրադառնալով Ուկրաինայի ՝ԱՊՀ-ն լքելու որոշմանը ասաց ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի միջազգային գործերով նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարով:
Իր հերթին, Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային էկոնոմիկայի ֆակուլտետի դեկան Անդրեյ Սուզդալցևը անդրադառնալով Կիևի որոշմանը նշեց, որ Ուկրաինան անպայման դուրս է գալու ԱՊՀ-ից, քանի որ նրանք ցանկանում են անդամակցել ԵՄ-ին:
«Ուկրաինան ոչ միայն դուրս է գալիս ԱՊՀ-ից, այլ լքում է տարածաշրջանը և միանում եվրոպական ընտանիքին»,-նշեց Ա.Սուզդալցևը:
Նրա խոսքերով, ԱՊՀ-ն ապահովում է նաև միգրացիոն հոսքեր և Ուկրաինայի համար ԱՊՀ-ից դուրս գալու որոշումը շատ ծանր կարող է նստել ուկրաինական տնտեսության վրա:
Կիևի տաղավարում գտվող «Փորձագիտական խորհուրդ» վերլուծական կենտրոնի տնօրեն Իսկանդեր Խիսամովը նշեց, որ Ուկրաինայի դուրս գալը ԱՊՀ-ից շատ ծանր կանդրադառնա Ուկրաինայի տնտեսության վրա, հատկապես երկրի հարավ-արևելյան շրջանների վրա, որոնք սերտորեն կապված են ՌԴ-ի հետ:
«Քաղաքական դրդապատճառները ավելի ուժեղ են և դրանք ազդում են Ուկրաինայի՝ ԱՊՀ-ից դուրս գալը որոշման վրա»,-նշեց Ի.Խիսամովը:
Երևանի տաղավարի հյուր, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ Ուկրաիան և ՀՀ-ը կշարունակեն երկկողմ տնտեսական համագործակցությունը՝ անկախ Ուկրաինայի ԱՊՀ-ից դուրս գալու որոշումից:
«Երկկողմ կապերը Երևանի և Կիևի միջև կպահպանվեն, սակայն Ուկրաիայի դուրս գալը ԱՊՀ-ից կազդի Ուկրաինայի տնտեսության վրա»,-նշեց Ա.Մարկարովը:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ՝ կապված ՀՀ-ի ՄԱԿ-ում քվեարկության հետ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը լքել է Երևանը և դեռևս չի վերադարձել: