Մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը գործելու է. Դավիթ Հարությունյան
Մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը գործելու է. ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավական նորմերը գործելու են: Այս մասին «Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան նշել է ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Հարցին, թե ինչ է նշանակում, որ օրենքի որոշ հոդվածները հակասահմանադրական են, Դավիթ Հարությունյանը պարզաբանել է. «Դա կարող է նշանակել մեկ բան. ենթադրենք` ինչ-որ մի լիազորություն տրված է կառավարությանը, բայց դա պետք է արվի օրենքով: Ենթադրենք` այդ գումարների պաշտպանվածությունը, կառավարման հետ կապված որոշակի պատասխանատվություն պետք է սահմանված լինի ոչ թե ենթադրենք, Կենտրոնական բանկի որոշումով, այլ օրենքով, եթե ոչ, ապա դա դիտվում է հակասահմանադրական: Այդ տեսանկյունից օրենքում պետք է համապատասխան փոփոխություններ կատարվեն»,- ասել է պատգամավորը:
Նա նշել է, որ հիմնական գործընթացը, որը պետք է այժմ ակնկալել, այն է, որ ՀՀ կառավարությունը կնախապատրաստի օրենքում փոփոխությունների նախագիծ:
Ազգային ժողովի պատգամավորների դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը որոշել էր հակասահմանադրական ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթներ: