Առաջին անգամ Ժան Կազանջյանի աշխատանքները ներկայացվելու են ՀԱՊ-ում. ներկա կլինի նաև արվեստագետը (տեսանյութ)
Հայաստանի Ազգային պատկերասրահում առաջին անգամ ցուցադրվելու են նկարիչ Ժան Կազանջյանի ստեղծագործությունները: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասացին Ազգային պատկերասրահի մամուլի ծառայությունից: Ցուցահանդեսի բացմանը ներկա է լինելու նաև նկարիչը:
«Ցուցահանդեսում ներկայացված երկերն ի հայտ են բերելու Կազանջյանի ստեղծագործության բազմազան շերտերը` եռաչափ «պաստառ-նկարներից» մինչև առավել ֆորմալ դրվագանկարներն ու պղնձի վրա արված օֆորտները: Պատկերահանդեսում տեղ են գտնելու ավելի քան հիսուն աշխատանք, որոնք ներառում են քաղաքային բնանկարներ, նաև՝ հայկական թեմաներ, ինչպիսիք են՝ Արշիլ Գորկու դիմանկարների շարքը, գաղթի նկարաշարը, ինչպես նաև՝ անդրադարձ որոշ սրբապատկերային գործերի. Լեոնարդո դա Վինչիի «Ավետում» կամ Միքելանջելոյի «Պիետա» ստեղծագործություններին»,- փոխանցեցին պատկերասրահից:
Նշենք, որ ցուցահանդեը բացվելու է մայիսի 5-ին ու կշարունակվի մինչև մայիսի 27-ը:
Ծագումով մուսալեռցի Ժան Կազանջյանը ծնվել է 1938թ. փետրվարի 10–ին Լիբանանի Բեյրութ քաղաքում, որտեղ ապրել է իր առաջին քսան տարիները: Նրա ընտանքիը լքել է Թուրքիան 1915թ. Հայերի ցեղասպանության ժամանակ: Երկար տարիներ անցկացնելով Եթովպիայում, 1933թ. նրանք հաստատվել են Լիբանանում: Ժան Կազանջյանը նկարել է ամբողջ կյանում. առաջին ստեղծագործությունները նկարել է 1944թ.: Հետագայում Ժան Կազանջյանը ունեցել է ցուցահանդեսներ տարբեր քաղաքներում ու իր հոյակապ ստեղծագործություննեով ճանաչվել աշխարհում: Մեծ ճանաչում գտել է Ֆրանսիայում:
Փարիզում ապրած տարիներին Ժան Կազանջյանը չի հետևել արտահայտչական միայն մի ձևի, չի հարել արվեստի իշխող որևէ շարժման, նա ընտրել է տեսողական ուրույն ուղով ընթանալու ազատությունը: Հարավային Կալիֆոռնիայում հաստատվելուց ի վեր Կազանջյանի արվեստի հատկանշական գիծն է դառնում սյուրռեալիզմի և փոփ -մշակույթի փոխներգործությունը: