Արծվիկ Միանասյանը՝ ՍԴ որոշման մասին. Սա մեր պետականությունն ամրապնդելուն ուղղված գործողություն է
«Շնորհակալություն, որ Սահմանադրական դատարանն իր բարձրության վրա էր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա գոհունակությամբ արձանագրեց, որ թեև իշխանության առանձին ներկայացուցիչներ փորձում էին ՍԴ-ի նկատմամբ ճնշումներ գործադրել, ՍԴ-ի կայացրած որոշման վրա էական դեր չխաղաց:
Պատգամավորը նաև գոհունակություն հայտնեց, որ Հանրապետության նախագահն իր լիազորությունները չփորձեց գործադրել, ՍԴ-ի վրա ճնշում չբանեցերեց:
«Այսօրվա որոշումը պետք է դիտարկել քաղաքացիական, սահմանադրական պետության ձևավորման կարևոր քայլ»,- ասաց Ա. Մինասյանը:
Ըստ նրա, արձանագրված հաջողությունը պետք է ընկալել քաղաքացիական հասարակության, ժողովրդի, պետականության հաջողություն. «Սա մեր պետականությունն ամրապնդելուն ուղղված գործողություն է»:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ այս գործընթացում պարտվողներ չկան. «Սա քաղաքացիական, սահմանադրական ինստիտուտների հաղթանակն է: Շատ կարևոր դատական ակտ էր»:
Այնուհետև Արծվիկ Մինասյանն ասաց. «Կոչով դիմում եմ իշխանության առանձին ներկայացուցիչներին, կառավարությանը, ովքեր ուզում են պնդաճակատությամբ առաջ մղել այն, ինչը Սահմանադրական դատարանը համարել է հակասահմանադրական, անվավեր՝ պարտադիր բաղադրիչը: Կոչ ենք անում հետ կանգնել այդ մոտեցումից: Պետական մարմինները պարտավոր են ենթարկվել ՍԴ-ի որոշմանը»,- ասաց Ա. Մինասյանը:
Ըստ նրա, որոշումը միայն եզրափակիչ մասը չէ, ինչի մասին խոսում են իշխանության առանձին ներկայացուցիչներ: «Ակնակում ենք, որ հետ կվերադարձվի պետական և հանրային սեկտորի աշխատողների պահված վարձատրության գումարները: Իսկ եթե չիրականացվի, մեր պայքարի ընթացքում պաշտպանելու ենք նաև հանրային սեկտորի իրավունքները»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:
Ա. Մինասյանն ասաց նաև, որ իրենք տրամադրված են բարիդրացիական հարության մեջ լուծել խնդիրները, բայց եթե կառավարությունը շարունակի հակաիրավական վարքագիծ դրսևորել, իրենք պատրաստ են պայքարը նոր հարթություն տեղափոխել:
Հարակից հրապարակումներ՝
Պարտադիր բաղադրիչը չի կարող գործարկվել ՍԴ որոշման հրապարակման պահից. Արծվիկ Մինասյան