Քաղաքագետ. Նման իրավիճակում Հայաստանը ստիպված է ավելի վճռորոշ քայլեր իրականացնել
Հայաստանը կարող էր չմասնակցել կամ ձեռնպահ մնար ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած քվերակության՝ Ղրիմի թերակղզում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն օրինական չճանաչող «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևի ընդունման ժամանակ, բայց ամեն մի քաղաքական քայլ բխում է սեփական երկրի շահերից, ոչ թե մյուս երկրների շահերից: Ասուլիսում նման դիտարկում արեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«Առաջին՝ Հայաստանը պետք է հստակ դիրքորոշում ցուցաբերեր, որպեսզի հետագայում խնդիրներ չունենար ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային հարցում»,- ասաց նա:
Ապա նշեց նման դիրքորոշման կայացման երկրորդ պատճառը՝ իրավիճակն այնպես է փոխվել, որ սեփական անվտանգության բնազդից ելնելով, Հայաստանը պետք է որոշ չափով կողմնորոշվեր այնպես, ինչպես կողմնորոշվեց, որովհետև ՌԴ-ն մոտ է, այստեղ է, իսկ ԱՄՆ-ը, Եվրամիությունը միշտ կհասկանան ու կներեն, իսկ եթե չներեն ու չհասկանան, ուշ թե շուտ կմոռանան:
Ս. Մինասյանի խոսքով, ուկրաինական ճգնաժամն իր հետքն է թողել և Հայաստանի տարածքային դիրքորոշման վրա, և ներքաղաքական կյանքում: Քաղաքագետի կարծիքով, նման իրավիճակում Հայաստանը ստիպված է ավելի վճռորոշ քայլեր իրականացնել:
Քաղաքագետն ասաց, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանը չափազանց ակտիվ դերակատարություն է ստացել հետխորհրդային տարածքում: Ըստ նրա, հետխորհրդային տարածք վերադառնում է այսպես կոչված ռեալ պոլիտիկը և ստեղծած իրավիճակը որոշ չափով նման կլինի այն իրավիճակին, որ կար հետխորհրդային տարածքում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում սառը պատերազմից հետո, երբ անվտանգության խնդիրն ավելի կարևոր է դառնում բոլոր երկրների համար, քան գաղափարախոսական, արժեքային դիրքորոշումը: