Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է Բունդեսթագ
Շարունակվում է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիա: ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 2-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդիր մարմնի՝ Բունդեսթագի մի շարք պատգամավորների, այդ թվում՝ քրիստոնյա-դեմոկրատ Մայք Բերմանի և սոցիալ-դեմոկրատ Շտեֆեն-Կլաուդիո Լեմմեի հետ:
Հանդիպումների ընթացքում գերմանացի օրենսդիրներին ներկայացվել են ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացի առանձնահատկությունները։ Միևնույն ժամանակ, շեշտվել է միջազգային գործընթացներին Արցախի ներգրավման կարևորությունը, ինչը լուրջ հիմք կարող է հանդիսանալ ժողովրդավարական արժեքների և ազատությունների ամրապնդման գործում: Քննարկվել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող և տարածաշրջանային բնույթի մի շարք հարցեր: Բունդեսթագում կայացած հանդիպումներին ԼՂՀ պատվիրակությանն ուղեկցել է Բեռլինի Ազատ համալսարանի դոկտորանտ, ծագումով արցախցի Անդրանիկ Ասլանյանը:
Նույն օրը երեկոյան Բեռլինի Լիխտեմբերգ թաղամասի եկեղեցուն կից գործող սրահում տեղի է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահի հանդիպումը ԳԴՀ մայրաքաղաքի հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Դիմելով ներկաներին, Աշոտ Ղուլյանն արցախցիների անունից շնորհակալություն է հայտնել գերմանահայ համայնքին՝ ԼՂՀ-ին ցուցաբերվող մշտական օգնության և աջակցության համար և պատմել է վերջին տարիներին Արցախի քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում իրականացված բարեփոխումների, արձանագրված հաջողությունների մասին:
Հանդիպման ավարտին, ի նշան երախտագիտության, Բեռլինի հայկական եկեղեցական և մշակութային համայնքը, Բեռլինի հայ համայնքը և Հայ ու եվրոպացի մասնագետների ասոցիացիան ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահի կողմից պարգևատրվել են Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 25-ամյակի հուշամեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան