Քեսաբահայերը պետք է վստահ լինեն, որ իրենց խնդիրները մեր ամենօրյա հսկողության տակ են և Հայաստանը նրանց կողքին է. վարչապետ
Քեսաբահայերը պետք է վստահ լինեն, որ իրենց խնդիրները ՀՀ կառավարության ամենօրյա հսկողության տակ են և Հայաստանը նրանց կողքին է: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վարչապետի խնդրանքով ներկայացնելով քեսաբահայերի մասին տեղեկությունները նշեց, որ հայտնի դեպքերից հետո տեղահանվել է 670 ընտանիք, որոնցից մոտ 400-ը գտնվում են Լաթաքիայում, Դամասկոսում, մի քանի ընտանիք տեղափոխվել է Բեյրութ և Այնճար, 200 և ավելի մարդ պատսպարվել է Լաթաքիայի Սուրբ Աաստվածածին եկեղեցու տարածքում:
«38 մարդ պատանդ էր մնացել, նրանցից 24-ը վերադարձվել են, իսկ 3-ը բռնի կերպով տեղափոխվել են թուրքական Վաքըֆ գյուղ, սակայն նրանք ողջ են: Մնացածը Քեսաբում են, հեռախոսակապի միջոցով խոսում են գյուղապետի հետ և նա էլ անընդհատ մեզ հետ ու դեսպանի հետ է կապի մեջ»,- ասաց Հ. Հակոբյանը:
Նախարարը հայտնեց, որ Այնճարում արդեն երեխաները դպրոց են գնում, հայկական բոլոր կառույցները Սիրիայում վերջին երեք տարիների դեպքերի առնչությամբ ստեղծել են շտապ օգնության կառույցներ, որոնց մեջ մտնում են մեր եկեղեցիները, կուսակցությունները և կարողանում են հասնել օգնության:
Հ.Հակոբյանը նշեց նաև, որ քեսաբահայերը ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով:
Անդրադառնալով ՀՀ նախագահի հայտնի հայտարարությանը Հաագայից, նախարարն ասաց, որ այն ազդակ հաղորդեց ողջ հայ ժողովրդին, և միջազգային կազմակերպություններին: Ըստ նրա, ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ նախագահի հայտարարությունն անմիջապես ուղարկել է բոլոր հայկական համայնքների ղեկավարներին՝ խնդրելով ցույցեր, բողոքի ակցիաներ, հանրահավաքներ անցկացնել, ցուցաբերել նաև նյութական օգնություն:
«Ի պատիվ հայկական բոլոր համայնքների, այդպիսի համայնք չկա, որ իր բողոքի ակցիաները, ցույցերը, սկսած գործադուլից, մինչև պետական դեպարտամենտի վրա ճնշումներ գործադրելը չաներ, շատ ակտիվ աշխատեց նաև Հայ Դատը, հայկական համագումարը, կուսակցությունները, եկեղեցիները, մեր երկու կաթողիկոսներն արձագանքեցին: Քեսաբահայերի առաջին խնդրանքն այն է, որպեսզի ճնշումն ավելացվի: Երեկ մեր Արտաքին գործերի նախարարը դիմեց Բան Կի Մունին, Կրթության նախարարը՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը»,- նշեց Հ.Հակոբյանը:
Նա նաև հավելեց, որ քեսաբահայերի հիմնական խնդրանքը այն է, որպեսզի հետաքննություն սկսվի, թե ինչպես են տեղի ունեցել իրադարձությունները, դեպքերը, և երկրորդ՝ հնարավորություն ստեղծվի, որպեսզի իրենք վերադառնան իրենց տուն: Նաև ասաց, որ քեսաբահայերն ուղարկել են այն հնարավոր կետերը, որ եթե վերադառնան Քեսաբ՝ որպես պետություն և սփյուռք՝ ինչ կերպ պետք է օգնություն ցուցաբերվի:
Նախարարը ցավով նշեց, որ Քեսաբում պղծվել են հայկական եկեղեցիները, իջեցվել հայկական խաչերը, նույնիսկ տեղի է ունենում վերաբնակեցում: Թուրքիայից եկածներն ապրում են հայկական տներում, ինչպես նաև թալանվում է ողջ նյութական ունեցվածքը:
«Այս առումով, եթե Աստված հաջողի շուտ վերադառնան, ապա օգնության մի այլ ձև պետք է մշակվի: Միաժամանակ, առկա է նյութական օգնության խնդիր, ակտիվացել են տարբեր կառույցներ, կազմակերպություններ և սկսվել է դրամահավաք: Սակայն 20 տարի շարունակ ունենք հաստատված խողովակ՝ դա «Հայաստան» համայկական հիմնադրամն է, ովքեր ցանկություն ունեն, ապա պետք է անպայման այդ ճանապարհով օգնություն կազմակերպեն: Իհարկե, դասական կուսակցությունները, եկեղեցիներն էլ իրենց խողովակներով պետք է կազմակերպեն օգնությունը»,- ընդգծեց նախարարը:
Հ. Հակոբյանը նաև հայտնեց, որ այսօրվա դրությամբ Քեսաբից Հայաստան որևէ մեկը դեռ չի եկել, չնայած խոսակցություններ կան, որ կարող է եկեղեցու տարածքում բնակվողները տեղափոխվեն Բեյրութ, այնտեղից էլ՝ Հայաստան: Դա, ըստ Հակոբյանի, օրերի և ժամանակի խնդիր է, կախված, թե երբ կավարտվի հակամարտությունը:
Անդրադառնալով ռազմական գործողություններին, սփյուռքի նախարարը նշեց, որ հայազգի ակտիվ տղաները սիրիական զորքի հետ են, սակայն համաձայն չեն, որպեսզի ծավալվեն ակտիվ գործողություններ, քանի որ դրանք կարող են ավերածություններ պատճառել: Այդ պատճառով էլ, ըստ նրա, ռազմական գործողությունները դանդաղ են առաջ գնում, սակայն այս պահին որոշակի ռազմավարական բարձունքներ սիրիական բանակը նվաճել է:
Հ. Հակոբյանը մեկ անգամ ևս վստահեցրեց, որ Հայաստանը և սփյուռքահայությունը պատրաստ են տարբեր կերպ օօժանդակել քեսաբահայերին: