«Այստեղ պարտվողներ կամ հաղթողներ չկան». Հրայր Թովմասյանը` ՍԴ որոշման մասին
«Մենք ունենք Սահմանադրական դատարանի որոշում, որը ոչ միայն նպաստելու է մեր իրավական համակարգի հետագա զարգացմանը, այլ ցույց է տալիս իր տեղն ու դերը երկրում մարդու իրավունքների պաշատպանության գործում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադառության նախարար Հրայր Թովմասյանը` անդրադառնալով երեկ Սահմանադրական դատարանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթների հակասահմանադրական ճանաչելու մասին որոշմանը:
Իրականում, ըստ նախարարի, այս որոշումը կարող է որպես նմուշ-օրինակ ծառայել ոչ միայն հետագայում նմանատիպ որոշումների կայացման հարցում, այլ նաև մասնագիտացված Սահմանադրական վերահսկողության համակարգ ունեցող երկրների համար:
«Այս որոշումը էականում նպաստելու է ՀՀ-ում սոցիալական ապահովության համակարգի հետագա զարգացմանը, քանի որ դրանք իրավական գնահատականներ էին, վերլուծություններ էին, որոնք ուղղորդելու են կառավարությանը հետագայում այս ոլորտում քաղաքականություն մշակելու համար»,- ասաց Հ.Թովմասյանը:
Նա միաժամանակ նշեց, որ այս գործընթացը ամբողջությամբ ցույց տվեց, որ մեր քաղաքական համակարգը և քաղաքացիական հասարակությունը գտնվում են որակական նոր փուլում:
«Քաղաքական ընդդդիմությունը ցույց տվեց հասունության որոշակի բարձր աստիճան, որը պայքարի հետևողականության դրսևորումն էր: Մեր քաղաքացիական հասարակությունը ևս ցույց տվեց նման կեցվածք, նման դիրքորոշում` պայքարի սահմանադրորեն ընձեռված իր հնարավորություններով: Սա ևս որակական նոր փուլ է, ինչի համար մենք պետք է ուրախ լինենք: Միգուցե մենք դրանք այնպես չենք նկատում, բայց սրանք իրոք մեր իրականության մեջ ձեռքբերումներ են, որոնցով բոլորս պետք է հպարտանանք»,- ասաց Հ.Թովմասյանը:
Ինչ վերաբերում այն դիտարկումներին, թե այս հարցում կան պարտվողներ և հաղթողներ, նախարարը նշեց, որ նման դեպքերում հաղթողներ և պարտվողներ չկան:
«Եթե նման որոշումները նպաստում են մեր իրավական համակարգի կայացմանն ու զարգացմանը, ապա ես պատրաստ եմ առաջին պարտվողը լինել»,-ասաց Հ.Թովմասյանը:
Նա նաև հավելեց, որ եթե տարբեր կարծիքներ ունեն, չի նշանակում, որ մեկը հաղթել է, մեկը պարտվել, չի նշանակում, որ բարիկադների մյուս կողմում են ու համոզված է, որ քննարկումների ժամանակ երկխոսության կգան:
«Որքան էլ Կառավարությունում լինեն իրավաբաններ, այնուամենայնիվ ՍԴ-ի պոտենցիալը այս հարցում մի քանի անգամ ավելի մեծ է, քան մյուս մարմիններինը: Եթե կարծում եք, որ մենք պետք է ունենանք օրենսդրություն, որը չպետք է երբևէ հակասահմանադրական ճանաչվի, ապա անիմաստ կդառնա Սահմանադրական դատարանի գոյությունը»,- ասաց Հ.Թովմասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան