Մինչև սեպտեմբերի 30-ը մեր քաղաքացիների ու տնտեսվարող սուբյեկտների համար «կուտակային»-ը գործելու է. վարչապետ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստում անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մասին Սահմանադրական դատարանի որոշմանը, նշեց, որ մինչև սեպտեմբերի 30-ը մեր քաղաքացիների ու տնտեսվարող սուբյեկտների համար օրենքը գործելու է, ուստի բոլորը պետք է մինչ այդ ղեկավարվեն գործող օրենքով:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մեկ անգամ ևս հաստատեց, որ մինչ այդ, օրենքն այն տեսքով, ինչ տեսքով, որ ընդունել է Ազգային ժողովը, կշարունակի աշխատել:
«ՍԴ-ի մասին օրենքի 63-րդ հոդվածում ամրագրված է, որ օրենքը համարվում է սահմանադրական մինչև նրա ուժը կորցնելը: Մինչև սեպտեմբերի 30-ը այդ դրույթները համարվում են սահմանադրական»,-ասաց նա:
Վարչապետը միաժամանակ նշեց, որ այսօր իսկ աշխատանքային խումբ կստեղծվի, որն էլ կզբաղվի հակասահմանադրական դրույթները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործով: Հիմնական գերատեսչությունները լինելու են արդարադատության, ֆինանսների, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններն ու կենտրոնական բանկը, և ԱԺ-ին պետք է ներկայացնեն օրենսդրական փաթեթ, որում հաշվի են առնելու ՍԴ-ի որոշման մեջ ներառված բոլոր նորմերը:
«Երեկ Սահմանադրական դատարանը կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքների որոշ դրույթներ հակասահմանադրական համարեց և տվեց ժամանակ կառավարությանը մինչև սեպտեմբեր շտկելու այն հոդվածները, որոնք հակասահմանադրական են»,- ասաց Տ.Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը միաժամանակ նշեց, որ սա բացառիկ հնարավորություն է նաև քաղաքացիական հասարակության համար կառավարության հետ մասնակցել օրենսդրական այս փոփոխությունների մշակմանը՝ նպատակ ունենալով բարելավելու գործող համակարգը:
«Օգտվելով այս հնարավորությունից՝ ևս մեկ անգամ դիմում եմ քաղաքացիական հասարակությանը, այն ակտիվիստներին, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահել պարտադիր կուտակային համակարգի օրենսդրությունը, հրավիրում են նրանց երկխոսության, սա նաև նրանց համար է բացառիկ հնարավորություն ` աշխատել ավելի լավ օրենսդրության համար, որը հաշվի կառնի նաև ՍԴ ընդունված որոշումը: Այնպես որ մենք երկխոսության սկիզբ ենք ակնկալում և օրենսդրության կատարելագործում: Իսկ մինչ այդ, կշարունակի գործել օրենքը»,- նշեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան