Ռ. Մելքոնյան. Հայոց ցեղասպանությունից 100 տարի հետո Քեսաբում տեսնում ենք հայերի տեղահանություն և բռնագաղթ
«Քեսաբի դեպքերը Թուրքիայի կողմից ծայրահեղ իսլամիստների և ահաբեկիչների միջոցով Սիրիայի դեմ ռազմական ագրեսիա է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Սիրիայի հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին, նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նա փաստեց, որ Քեսաբում բնակվող ազգային փոքրամասնությունների միջազգայնորեն ամրագրված իրավունքները ոտնահարվել են, և հայ համայնքն այսօր զրկվել է այնտեղ կենսագործունեության տարրական միջոցներից:
«Թուրքիան բացահայտ կողմ է այդ հակամարտությանը, և դրա ապացույցներից է ոչ միայն այն, որ Թուրքիայի սահմանից են այնտեղ մտել ծայրահեղականներն ու ահաբեկիչները, այլև այն, որ թուրքական զինված ուժերը ոչնչացրել են սիրիական ինքնաթիռ, այսինքն՝ Թուրքիայի կողմից բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերվում»,- նկատեց Ռ. Մելքոնյանը:
Բանախոսը համաշխարհային մակարդակի բացահայտ ցինիզմ որակեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությունը, որ Թուրքիան պատրաստ է ապաստան տալ Քեսաբը հարկադրաբար լքած հայերին:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հիմա և հայաբնակ Քեսաբում են տեղի ունենում այդ իրադարձությունները, թուրքագետը ներկայացրեց վարկածներից մեկը, որ դա կապված է Ղրիմի իրադարձությունների հետ և տեղավորվում է Ռուսաստան-Արևմուտք հակամարտության շրջանակում:
«Սա կարող է լինել յուրահատուկ պատասխան Ռուսաստանին և նրա դաշնակից Սիրիային Ղրիմի իրադարձությունների հետ կապված: Տարածաշրջանում Թուրքիան ընկալվում է՝ որպես Արևմուտքի ժանդարմ: Փաստորեն Արևմուտքը իր ժանդարմի միջոցով որոշակի պատասխան քայլեր է անում: Իսկ թե ինչո՞ւ հենց Քեսաբում, ապա պետք է ասել, որ Քեսաբը Բաշար Ասադի ալևիական վարչախմբի կարևոր հենակետերից մեկն է, մի տարածք, որտեղ բնակվում են ալևիներ և հայեր»,- ասաց Ռ. Մելքոնյանը:
Թուրքագետի դիտարկմամբ՝ Քեսաբի դեպքերի առումով Թուրքիան ոչ միայն աշխարհաքաղաքական իր շահերն է հետապնդում, այլև միաժամանակ առաջ տանում իր հակահայկական քաղաքականությունը:
«Քեսաբում հայ համայնքի կյանքը մեծապես վտանգված է, և այնտեղից տեղահանված հայերը դժվարությամբ կկարողանան վերադառնալ, շարունակել իրենց համայնքային կյանքը: Հայոց ցեղասպանության հետ տարվող զուգահեռների առումով կցանկանայի ասել, որ փաստորեն Հայոց ցեղասպանությունից 100 տարի հետո մենք տեսնում ենք հայերի բացահայտ տեղահանություն, բռնագաղթ, ինչը նույնպես ցեղասպանական արարք է ՄԱԿ-ի կոնվենցիայով»,- ընդգծեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: