ՌԴ-ում ԵՄ ներկայացուցչությունը և եվրոպացի գործարարները դեմ են երկկողմ առևտրում քաղաքական խոչընդոտներին
Եվրամիությանն ու Ռուսաստանին անհրաժեշտ է խուսափել երկկողմ առևտրի զարգացման անհիմն խոչընդոտներից: ԵՄ-ի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը տարեկան կազմում է 340 միլիարդ եվրո. առևտրում և ներդրումների հարցում համագործակցությունը պետք է զարգացնել: Այս մասին «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ-ում Եվրամիության ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Սվեն-Օլով Կառլսոնը:
«Մենք պետք է վերականգնենք և խորացնենք վստահությունը, թուլացնենք լարվածությունը, խուսափենք երկկողմ առևտրի զարգացման անհիմն խոչընդոտներից»,- նշել է նա:
Իր հերթին Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի նախագահ Ռայներ Հարթմանը հայտարարել է, որ չպետք է վտանգի ենթարկել ՌԴ-ի և ԵՄ-ի միջև բիզնեսը: Նրա խոսքով՝ վերջին 22 տարիների ընթացքում հնարավոր է եղել կառուցել Եվրամիության և Ռուսաստանի միջև բիզնես միջավայր, սակայն «հիմա չափազանց շատ են զգացմունքային քաղաքական որոշումները, որոնք ազդում են բիզնեսի վրա»:
«Ես չէի ցանկացա, որ ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ այդ վստահությունը վտանգի ենթարկվի: Չպետք է վտանգել բառացիորեն հեղափախական մասշտաբի այն ձեռքբերումները, որոնք բիզնեսի մշտական ջանքերի արդյունք են: Հենց բիզնեսն է հարթել ճանապարհն այդ հարաբերություններում, իսկ քաղաքական գործիչները հետևել են դրանց: Հույս ունեմ, որ մենք կվերաիմաստավորենք իրավիճակը, որ մեզ անհրաժեշտ չեն պատժամիջոցներ, մեզ անհրաժեշտ են փոխըմբռնմանը հասնելու քայլեր՝ ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական կողմից»,- ասել է Ռայներ Հարթմանը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները սրվել են Ղրիմի Ինքնավար Հանրապետությանում անցկացված հանրաքվեից հետո, որով Ղրիմը կայացրել է Ռուսաստանի Դաշնությանը վերամիավորվելու որոշում: ԱՄՆ-ն ու Եվրամիությունը չեն ճանաչել հանրաքվեի արդյունքները, որակել այն միջազգային իրավունքի խախտում և սպառնացել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ: