«Քաղաքական վերնախավը զորավիգ չկանգնեց Տիգրան Սարգսյանին»
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռացավ հասարակության ճնշող մեծամասնության կողմից չհասկացվածության պատճառով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական ընկերության նախագահ Ահարոն Ադիբեկյանը:
«Լինելով վարչապետ` նա ուներ ռազմավարական նպատակներ, նա բավականին լավ էր պատկերացնում, թե ինչ էր պետք Հայաստանի զարգացման համար։ Այս անակնկալ քայլը նշանակում է որ ո՛չ վերանախավը, ո՛չ միջին խավը, ո՛չ էլ զանգվածները չհասկացան նրա ռազմավարության իմաստը: Այն, որ Հայաստանը 10, 20 տարի հետո կլինի բավականին կայուն և զարգացած երկիր... Ինձ թվում է, որ նա բավականին նեղացած էր և հիասթափվեց, որ մենք չաջակցեցինք, նրա նման մտադրությանը»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
«Քաղաքական վերնախավը, որը պետք է նրան օգներ, զորավիգ չկանգնեց Տիգրան Սարգսյանին»,- հավելեց բանախոսը:
Անդրադառնալով պարտադիր կուտակային համակարգին` նա նշեց, և որ Տիգրան Սարգսյանը բավական մեծ աշխատանք էր կատարել, «համոզել, Հայաստան էր բերել միջազգային հեղինակավոր ֆոնդերի» սակայն, առաջացած հասարակական դիմադրության պատճառով պարզվել էր, որ դա «ոչինչ է»: Դա, ըստ բանախոսի «խոցել էր նրա ինքասիրությունը» և այս պայմաններում նա չէր կարող շարունակել պաշտոնավարել:
«Նա բավականին մեծ հեղինակություն ուներ և բավականին սկզունքային էր և նպատակաուղղված: Միջազգային կառույցները Հայաստանին տեսնում են ագրարային երկիր, որը երևի միայն ծիրան կամ կոնյակ պետք է արտադրեր, և պետք է ունենար լողացող դրամ: Տիգրան Սարգսյանը կարողացավ նրանց համոզել, որ ՀՀ-ն կարող է լինել բարձր տեխնոլորգիաների երկիր, այդ իսկ պատճառով դրամը պետք է լինի բավական կայուն և նրա տատանումները պետք է լինեն բավականին փոքր»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:
Բանախոսը շեշտեց, որ «2000թ.-ից առ այսօր Հայաստանում ոչ մի բանկ չի պայթել, ոչ մի բանկիր չի վերցրել միլիոնները և փախել Ռուսաստան», իսկ ՀՀ քաղաքացիները 1,5 մլրդ դոլարի համարժեք գումար պահում են Հայաստանի բանկերում` վստահելի բանկային համակարգի ստեղծումը վերագրելով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: