«Դ!եմ եմ». ՍԴ-ն հաստատեց, որ մեր բողոքը ճիշտ է, բայց սոցիալական առումով հարցին լուծում չտվեց
Սահմանադրական դատարանը հաստատեց, որ մեր բողոքը ճիշտ է, բայց սոցիալական առումով հարցին լուծում չտվեց: Մենք ասում ենք, որ ՍԴ-ն հանգուցալուծող օղակ չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դե!մ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Դավթյանը:
Նախաձեռնության անդամների Դավիթ Մանուկյանն էլ նշեց, որ Սահմանադրական դատարանի տված ժամկետը` սեպտեմբերի 30-ը պետք է ընդամենը ընկալել և ընդունել ամենաուշ ժամկետը օրենքը փոխելու համար:
«Սա միջանցք չէ գումար կորզելու համար»-ասաց նա՝ ամոթալի համարելով այն հանգամանքը, որ հակասահմանադրական ճանաչված դրույթները շարունակեն գործել:
«Բոլոր նրանք, ում նկատմամբ օրենքը կիրառվում է, կարող են ընտրել ուզում են, թե՞ ոչ: Այսօրվա դրությամբ 5.000 մարդ է ընտրել ֆոնդեր, իսկ 120.000 մարդ չի ընտրել: Հաշվի առնելով սա պետք է անհապաղ այս օրենքը չեղյալ համարել և վերադարձնել գումարները»,-ընդգծեց «Դե!մ եմ» թիմի անդամ Հակոբ Արշակյանը:
Լրագրողների այն հարցին, թե վարչապետի հրաժարականը ինչ ազդեցություն կունենա իրենց հետագա քայլերի վրա Դավիթ Մանուկյանը շեշտեց, որ վարչապետի կամ մեկ այլ պաշտոնյայի հրաժարականը չկա և չի կարող լինել իրենց օրակարգում. ««Դեմ եմ»-ի օրակարգում վարչապետի հրաժարականի հարց չի եղել երբեք: Նրա հրաժարականը չի կարող ազդել «Դեմ եմ»-ի պայքարի վրա, քանի որ մեր թիրախ վարչապետը կամ որևէ այլ անձ չի եղել: Մեր թիրախը օրենքի պարտադիր բաղադրիչն է»:
Նախաձեռնության անդամները հայտնեցին, որ իրենց պայքարը շարունակվելու է, մինչև ապրիլի 12-ի հավաքը կանցկացվեն ավտոերթեր և իրազեկման ակցիաներ:
Վերջում Դավիթ Մանուկյանն ավելացրեց, որ իրենք պահանջում են, որ որևէ գործատու իր աշխատողի կամքին հակառակ փոխանցումներ չկատարի և ֆոնդ չընտրի. ««Դեմ եմ»-ի կայքում կա դիմումի օրինակ, որը լրացնելով մարդիկ թույլ չեն տա, որ իրենց աշխատավարձից գումարներ փոխանցվեն»: