Եվրահանձնակատարը կոչ է արել Գերմանիային դադարեցնել այլընտրանքային էներգետիկայի համար «խելահեղ մրցավազքը»
Էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Գյունտեր Էտինգերը կոչ է արել Գերմանիային իջեցնել վերականգնվող էներգետիկայի զարգացման տեմպը, հաղորդում է «Deutsche Welle» գերմանական պարբերականը:
«Ես խորհուրդ եմ տալիս կանգնեցնել այլընտրանքային էներգետիկ աղբյուրների զարգացումը, որոնք օգտագործում են քամու և արևի էներգիան: Մենք պետք է կանգնեցնենք այդ խելահեղ մրցավազքը»,- հայտարարել է եվրահանձնակատարը:
Նրա խոսքով՝ վերականգնվող էներգետիկ աղբյուրների հիմնական խնդիրը մեծ կորուստներն են էներգիայի մի տեսակից մյուսը վերափոխելուց, ինչպես նաև նրանում, որ այդ կերպ ստեղծվող էներգիայի մեծ մասը անհնար է պահպանել:
«Մոտակա տաս տարիների ընթացքում իրավիճակը չի փոխվի: Ապագան ամբողջությամբ կպատկանի վերականգնվող էներգիայի աղբյուրներին միայն այն ժամանակ, երբ կարողանանք պահպանել ստացված էներգիան: Մինչ այդ դրանք ընդամենը լրացուցիչ միջոցներ են, բայց չեն կարող դառնալ էներգետիկ ապահովման հիմք, եթե խոսում ենք էներգիայի տնտեսական և հուսալի աղբյուրների մասին»,- պարզաբանել է Գյունտեր Էտինգերը:
Նա կոչ է արել զարկ տալ ածխային էլեկտրակայանների զարգացմանը, քանի որ, ըստ նրա, դեռ երկար ժամանակ հնարավոր չէ հրաժարվել էլեկտրակայաններում ածխով արտադրվող 45% էլեկտրաէներգիայից:
Ինչ վերաբերում է միջուկային էներգետիկային, եվրահանձնակատարը անհնար է համարել վերադարձը ատոմակայաններին:
«Լինելով իրատես՝ վստահ եմ, որ մնացած բոլոր ատոմակայանները կանջատվեն, ինչպես նախատեսվել է մինչև 2022թ.-ը: Ընդ որում անկախ նրանից, թե որ կուսակցությունը կհաղթի Գերմանիայի դաշնային ընտրություններում»,- ամփոփել է էներգետիկայի հարցերով Եվրամիության հանձնակատարը: