Դ. Մեդվեդև. Ռուսաստանը ստիպված կլինի խիստ միջոցներ ձեռնարկել ԱՊՀ-ից Ուկրաինայի դուրս գալու դեպքում
Ռուսաստանն իր գյուղատնտեսական շուկայի պաշտպանության համար խիստ միջոցներ կձեռնարկի, եթե Ուկրաինան դուրս գա ԱՊՀ-ից կամ Ասոցացման համաձայնագիր ստորագրի Եվրամիության հետ: Այս մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Վոլգոգրադում գյուղական համայնքների պատգամավորների համագումարի ժամանակ Ռուսաստանի վարչապետն ընդգծել է, որ այդ խիստ միջոցները կձեռնարկվեն Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորմերի շրջանակներում:
«Եթե մեր ուկրաինացի գործընկերները դուրս կան ԱՊՀ-ից կամ Ասոցացման համաձայնագիր ստորագրեն Եվրամիության հետ, իսկ ուկրաինական ներկա իշխանությունները խոսում են այդ մասին, ապա մենք ստիպված կլինենք վերանայել գյուղատնտեսության ոլորտում համագործակցության պայմանները և ԱՀԿ շրջանակներում միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու ռուսական գյուղատնտեսական բիզնեսը»,- նշել է Դ. Մեդվեդևը՝ հավելելով, որ դա խիստ որոշում է, սակայն Ռուսաստանը ստիպված կլինի դիմել քայլին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նոր իշխանությունները ստորագրել են Եվրամիության հետ Ասոցացման և խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի միայն քաղաքական մասը, տնտեսական մասը հետաձգվել է այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայում չեն ավարտվել ԵՄ առաջ ստանձնած բոլոր պարտավորությունների կատարումը և բարեփոխումների իրականացումը:
Ռուսաստանը մշտապես նախազգուշացրել է, որ այդ պարագայում ստիպված կլինի պաշտպանել ռուսական շուկան և վերանայել համագործակցության շրջանակները, քանի որ Ուկրաինան ԱՊՀ ազատ առևտրի գոտու անդամ է: