Իտալական առաջատար թերթը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի հետ կապված Հայաստանի դեսպանի պարզաբանումները
Իտալական «Կորիերե դելլա սերա» թերթը, որը համարվում է երկրի գլխավոր տպագիր լրատվամիջոցը, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
«Լեռնային Ղարաբաղ. Գոյություն չունեցող պետություն» վերտառությամբ հոդվածում, ներկայացնելով հակամարտության պատմությունն ու զարգացումները, հոդվածագիրը, միաժամանակ, ընթերցողին մատուցել է պատմական փաստերն աղավաղող տվյալներ և միակողմանի մեկնաբանություններ:
Այդ առնչությամբ Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը հանդես է եկել հերքումով, որը տպագրվել է իտալական պարբերականում:
«Լեռնային Ղարաբաղ. որոշ պարզաբանումներ» վերտառությամբ հոդվածում ՀՀ դեսպանը իր տարակուսանքն է արտահայտել, որ իտալական թերթում տպագրված հոդվածում տեղ են գտել փաստական սխալներ, որոնք տուրք են տալիս զուտ արդբեջանական պաշտոնական քարոզչությանը:
«1991-ին տարածաշրջանը միակողմանիորեն հռչակեց անկախություն, սակայն միջազգային իրավունքի տեսանկյունից դեռևս համարվում է Բաքվի կառավարության մաս»,- գրել է իտալացի հոդվածագիրը:
Դեսպանը պարզաբանել է իտալացի ընթերցողներին, որ ԼՂ համակամարտության պատճառը իրականում եղել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի շարունակական ոտնահարումը:
«Այն ժամանակ, ինչպես և այսօր, դա եղել է լրջագույն ընդվզում անարդարության դեմ, երբ 1921թ.-ին Իոսիֆ Ստալինի նախաձեռնությամբ հայ բնակչության մեծամասնություն ունեցող պատմական հայկական տարածքը բռնակցվել է Ադրբեջանին, և վերջինիս տարածքում ձևավորվել է ինքնավար մարզ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների կողմից հայերի դեմ խտրականության իմաստով»,- գրել է ՀՀ դեսպանը:
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը վերահաստատել են ինքնորոշման իրենց իրավունքը 1991թ.-ին անկախության հանրաքվեով, ինչը տեղի է ունեցել ԽՍՀՄ օրենքներին և Սահմանադրությանը համաձայն, որին էլ հետևել է Ադրբեջանի ռազմական ներխուժումը:
Դեսպանն անընդունելի է համարել Խոջալուի իրադարձությունների պատասխանատվությունը հայկական զինված ուժերին վերագրելը, քանի որ այդ առումով առկա են բազմաթիվ փաստեր, ադրբեջանական և արևմտյան լրագրողների վկայություններ: Նա անընդունելի է համարել նաև ադրբեջանական իշխանությունների կողմից այդ փաստերի աղավաղումը և շահարկումը:
«Շատ լավ հայտնի է հակամարտությունն ուսումնասիրող փորձագետներին, որ Խոջալու քաղաքը եղել է «Գրադ» հրթիռային կայանների և ադրբեջանական զինված ուժերի ֆորպոստ, որոնց թիրախը հայ քաղաքացիական բնակչությունն էր: 1992թ.-ի փետրվարի 25-ից օրեր առաջ ԼՂ ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը ռադիոյով կապ է հաստատել ադրբեջանական ռազմական իշխանությունների և քաղաքացիական բնակչության հետ՝ տեղեկացնելով, որ հայկական զինված ուժերը ռազմական գործողություն են սկսելու՝ չեզոքացնելու համար ադրբեջանական հրթիռները Խոջալուում, և բացվել է մարդասիրական միջանցք քաղաքացիական բնակչության տեղափոխության համար»,- գրել է նա:
Դեսպանը մեջբերել է այդ իրողությունն ապացուցող մի շարք փաստեր, վկայություններ և հենց ադրբեջանական աղբյուրներ, օրինակ Խաջալուի բնակիչ Սալման Աբասովի վկայությունը, որ հայերը ռադիոյով անդադար զգուշացրել են և տրամադրել մարդասիրական միջանցք, սակայն ադրբեջանական զինված ուժերը խոչընդոտել են քաղաքացիական բնակչությանը դուրս գալ հայերի կողմից բացված մարդասիրական միջանցքով:
Այնուհետև դեսպանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի՝ ամեն օր զինվելու փաստին, Իլհամ Ալիևի հակահայկական և ռազմատենչ հայտարարություններին, ապա մեջբերել «Ստոկհոլմի Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի» (SIPRI) զեկույցը, որում ասված է, որ վերջին 7 տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական ծախսերը աճել են 2,500%-ով, ինչը համեմատելի է նացիստական Գերմանիայի վերազինման հետ, և այն փաստը, որ մշտապես խախտվում է հրադադարի ռեժիմը, Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից հնչում են ռազմատենչ հայտարարություններ և ադրբեջանական դպրոցներում հակահայկական քարոզչություն է տարվում, լրջագույնս խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ խաղաղ բանակցությունների հաջողությունը:
Մեջբերումներ անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ և հակահայկական հայտարարություններից՝ դեսպանն ընդգծել է, որ նման հայտարարություններ անում է մի մարդ, ում հետ ընթանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններ:
Նա նաև տարակուսանքն է արտահայտել իտալացի հոդվածագրի այն պնդման կապակցությամբ, որ հրադադարի ռեժիմը խախտվում է երկու կողմից: Դեսպանը ընդգծել է, որ Ադրբեջանը մերժում է ուղղակիորեն բանակցել Լեռնային Ղարաբաղի՝ ժողովրդավարական ճնապարհով ընտրված իշխանությունների հետ, ինչպես նաև հրաժարվում ԵԱՀԿ առաջարկներից՝ դուրս բերել դիպուկահարներին շփման գծից և համատեղ մեխանիզմներ ներդնել՝ ուսումնասիրելու հրադադարի խախտման դեպքերը:
«Հայաստանը հաստատակամ է փնտրել հակամարտության խաղաղ, այլ ոչ թե ռազմական լուծումներ: Այս դիրքորոշումը կիսում է միջազգային հանրությունը: Ես ամբողջությամբ հասկանում եմ, որ դժվար է դրսից խոսել հակամարտության էվոլյուցիայի և խաղաղության հեռանկարների մասին, բայց Լեռնային Ղարաբաղում, Արցախում ավելի քան 20 տարի իրացվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը քաղաքական գործընթացների և ժողովրդավարական ինստիտուտների միջոցով: Սա լավագույն ապացույցն է պետության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյության և պատասխանն է բոլոր նրանց, ովքեր պարզել են, թե «գոյություն չունեցող պետություն է»»,- ամփոփել է Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները