Մեկ ամսում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը ավելացել է 14 300-ով
2014թ. փետրվարի 28-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 435,438, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ աճել է 14,298-ով: Ներգրավվածության ցուցանիշի աճը, ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից, հիմնականում կարող է պայմանավորված լինել ինչպես ՀՀ-ում տրանսպորտային միջոցների քանակի ավելացմամբ, այնպես էլ այն հանգամանքով, որ այժմ ԱՊՊԱ պայմանագիր ունենալու փաստը ստուգվում է էլեկտրոնային տարբերակով, ինչից ենթադրվում է, որ այն ապահովադիրները, որոնք նախկինում ԱՊՊԱ պայմանագիր չէին կնքում և ինչ-որ կերպ խուսափում էին տուգանքներից՝ այժմ սկսել են կնքել ԱՊՊԱ պայմանագիր և վարել իրենց մեքենան գործող ԱՊՊԱ պայմանագրով։
Ըստ ՀԱԲ-ի` փետրվար ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1 մլրդ դրամ: Փետրվարի ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ աճել է` կազմելով 5,588 դիմում (2014 թվականի հունվար ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 4,136): Բացի այդ, փետրվարի դրությամբ հատուցման միջին չափը կազմել է 185,436 դրամ:
Ինչ վերաբերում է վնասաբերության ցուցանիշին, ապա համակարգի վնասաբերության ցուցանիշը փետրվարին կազմել է մոտ 69.4%, ինչը նախորդ ամսվա նույն ցուցանիշի համեմատ փոքր է 9.7 տոկոսային կետով։ Ինչպես և սպասվում էր, Բոնուս-Մալուս համակարգի ներդրումից հետո վարորդների վարքագիծը փոխվել է։ Այդ մասին է վկայում ԱՊՊԱ համակարգի ներկայում առկա վնասաբերության ցուցանիշը։
Ըստ ՀԱԲ-ի, չնայած 2 ամսվա ունեցած տվյալները շատ քիչ են վերոնշյալ ենթադրությունները կատարելու համար՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ Բոնուս-Մալուս համակարգի ներդրումից հետո վարքագծի փոփոխությունը գրեթե անխուսափելի է։ Այնուամենայնիվ համակարգի վնասաբերության, ինչպես նաև վարորդների վարքագծի փոփոխության ավելի հստակ պատկեր կլինի միայն ամբողջ տարվա վիճակագրությունը ունենալուց հետո, քանի որ վնասաբերության ցուցանիշը ամբողջ տարվա ընթացքում ենթարկվում է տատանումների, իսկ իր վերջնական և տրամաբանական տեսքին է գալիս միայն տարվա վերջում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները