«Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես»... Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է (լուսանկարներ)
«Օրհնեալ ես դու ի կանայս, եւ օրհնեալ է պտուղ որովայնի քո»: (Ղուկ. Ա 42-43)
Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Այսօր բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:
«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33):
Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. Ա:38):
Սա է Ավետման այն գեղեցիկ պատմությունը, որ փոխանցել է մեզ Սուրբ Գիրքը:
Ապրիլի 7-ի Օրվա խորհուրդ
Թո՛ղ աստվածային օրհնությունը հարատև լինի հայ ընտանիքներում, և թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին:
Աստվածամոր ավետման, և ընդհանրապես՝ Աստվածամոր կերպարը մեծ տարածում է ունեցել հայկական արվեստում՝ մանրանկարչություն, գեղանկարչություն, քանդակագործություն, փորագրություն: Արվեստագետներից յուրաքանչյուրն էլ փորձել են արվեստի միջոցով ներկայացնել Տիրամոր կերպարի առաքինությունները՝ մաքրությունը, հեզությունը, խոնարհությունը:
Անհայտ հայ նկարիչ, 17-րդ դար, Սևանի Աստվածամայր
Անհայտ հայ նկարիչ, 18-րդ դար, Աստվածամայրը Մանկան, Պողոս և Պետրոս առաքյալների հետ
Անհայտ հայ նկարիչ, 18-րդ դար, Տիրամայրը Մանկան հետ
Անհայտ հայ նկարիչ, 18-րդ դար, Աստվածամոր թագադրումը
Հովնաթան Հովնաթանյան, Աստվածածին (Աստվածամոր վերափոխումը)
Հովնաթան Հովնաթանյան, Աստվածամայրը գահի վրա
Հովնաթան Հովնաթանյան, Մոգերի երկրպագությունը
Մկրտում Հովնաթանյան, Տիրամայրը և մանուկ Քրիստոսը
Վարդգես Սուրենյանց, «Աստվածամայրը գահի վրա»