Նաիրա Զոհրաբյանը պահանջել է ԵԽԽՎ դիտորդական առաքելություն ուղարկել Քեսաբ և գնահատական տալ Թուրքիայի պահվածքին
Այսօր մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը իր ելույթը նվիրել է Քեսաբում տեղի ունեցած ողբերգությանն ու պահանջել ԵԽԽՎ դիտորդական առաքելություն ուղարկել Քեսաբ: Իր ելույթում հայ պատգամավորն մասնավորապես ասել է. «Այն, ինչ տեղի ունեցավ առավելապես հայերով բնակեցված սիրիական Քեսաբ քաղաքում, մարդկային հերթական ողբերգությունն է: Անհերքելի են փաստերը, որ Քեսաբի վրա կատարված ահաբեկչական հարձակումն իրականացվել է Թուրքիայի տարածքը հատած ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների կողմից: Այդ բարբարոսական գործողությունների արդյունքում Քեսաբի հայ բնակչությունը տեղահանվել է: Ահաբեկիչները պղծել են հայկական եկեղեցիները, ավերել ու թալանել են հայերի տները: Հերթական ցեղասպանությունից փրկվելու համար Քեսաբը հայաթափվել է: Կան նկարահանված կադրեր, որտեղ հստակ երեևում է, թե ինչպես են ահաբեկիչները Թուրքիայի սահմանից անարգել անցնում Սիրիա, դեպի Քեսաբի տարածք, և նույն այդ ահաբեկիչների շարքերում կան թուրքական բանակի զինվորներ: Ուստի թուրք պաշտոնյաների, իբր, անտեղյակ հայտարարությունները` թուրքիզմի հերթական դրսևորումն են, ոչ ավելին: Եվ պատահական չէր թուրքական հետազոտական կենտրոններից մեկի ղեկավարի հայտարարությունը, թե Սիրիայում ունենալ հայ համայնք, նշանակում է Հայաստանի ձեռքը միշտ երկար պահել Թուրքիայի և Մերձավոր Արևելիք վրա:
Հարգելի գործընկերներ, քաղաքացիական բնակչության դեմ ուժի ցանկացած կիրառում` անկախ նրանց էթնիկ, կամ կրոնական պատկանելությունից, պետք է միանշանակորեն դատապարտվի և մեր Վեհաժողովը պարտավոր է արձագանքել Քեսաբում տեղի ունեցածին ու հստակ պարզաբանումներ պահանջել թուրքական իշխանություններից: Մեկ տարի անց Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի: Եվ խիստ հրատապ է, որ մեր Վեհաժողովը անհապաղ դիտորդական առաքելություն ուղարկի Քեսաբ` տեղում իրավիճակին ծանոթանալու և օր առաջ լուծումներ գտնելու համար»,- հորդորել է Նաիրա Զոհրաբյանը: