Սեյրան Օհանյան. Տեղեկատվական պայքարն անընդհատ լարման միտում ունի
Լուրջ աշխատանք է կատարվել բանակն ավելի թափանցիկ, բաց դարձնելու հարցում: Այս մասին «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» համաժողովի ժամանակ ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը:
Նա նկատեց, որ հասարակության մտավախությունները մինիմումի հասցնելու համար պետք է բանակը թափանցիկ ու բաց լինի:
«Այդ ամենը ես սկսեցի իրականացնել երբ Արցախի պաշտպանության նախարար էի: Դա արեցի պարիսպները քանդելով և թափանցիկ պարիսպներ դնելով: Որպեսզի ժողովուրդն էլ տեսնի, լսի, թե Ղարաբաղի պաշտպանության նախարարն ինչ աշխատանքներ է իրականացնում իր շարքի առաջ»,- ասաց նա:
Սեյրան Օհանյանի բնութագրմամբ, լինում են սուր պահեր, որովհետև լրատվամիջոցներ կան, որ չափը որոշակիորեն անցնում են: Նա նկատեց, որ հաճախ հաշվի չի առնվում այն առօրյա չարքաշ աշխատանքը, որն իրականացվում է, իսկ որևէ բացասական երևույթի դեպքում այդ բացասականը փակում է դրական աշխատանքը:
«Ունենք նաև որոշակի հիմնախնդիրներ, որոնք փոխադարձ են, կան բացթողումներ և մեր կողմից, և այն մարդկանց կողմից ովքեր լուսաբանում են բանակային իրականությունը: Շատերի մոտ յուրահատուկ նորաձևության առկայություն ենք տեսնում. տեղեկատվական համակարգում շատ երիտասարդների մոտ զբաղմունք է դարձել միանգամից արձագանքել տեղի ունեցող երևույթներին և ներկայացնել բացասականը, դա ազդում է ՀՀ և ԼՂՀ իմիջի վրա, մեր բանակի իմիջի վրա: Մենք պետք է ունենանք բանակ, ուժ, կամ կարճ ժամանակահատվածում այնքան պետք է հզորանանք, որ մեզ բանակն այլև պետք չլինի: Մեր «բախտը բերել է» մեր հարևաններով, մեր բախտը բոլորիս միասնական աշխատանքներով պիտի ժխպտա մեզ, որ ունենանք հզոր բանակ: Իսկ քննադատությունն էլ պետք է լինի կառուցողական»,- ասաց նա:
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի խոսքով, շատ դեպքերում չի հասկացվում գաղտնիության ռեժիմը, իսկ տեղեկատվական դաշտում չափազանց բաց լինելն ազդում է նաև տեղեկատվական պատերազմների վրա:
Ըստ Սեյրան Օհանյանի, տեղեկատվական պայքարը մեր իրականության մեջ անընդհատ լարման միտում ունի:
«Տեղեկատվական պատերազմի այս իրավիճակում մենք գործ ունենք հարևանների հետ, որոնք անընդհատ փորձում են ազդել՝ հակահայկական քարոզչություն իրականացնելով: Տեղեկատվական պատերազմները ընդհանուր քաղաքական և ռազմական պատերազմների առաջնային փուլ են, անմիջական մասն է այդ պատերազմի: Դրանք կարող են կանխել մարտական գործողություններ ճիշտ իրականացման դեպքում: Կարող են նաև արագացնել մարտական գործողությունները, սրել իրավիճակը»,- մանրամասնեց նա:
Սեյրան Օհանյանը կարծում է, որ իրականում լինում է, որ իրավիճակների հետևից ենք գնում, ավելի շատ ահազանգողի, քան կանխարգելողի դերում ենք և դեռևս աշխատելու տեղ ունենք: Նա նկատեց, որ տեղեկատվական պատերազմների դեպքում էլ ադրբեջանական և թուրքական կողմը ագրեսիվ հարձակվողականությամբ ապատեղեկատվություն են տարածում:
«Մենք մեր մեջ բարոյական գրաքննություն պետք է ունենանք: Մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ենք, իսկ առաջնագծի մեր զինվորները ռեալ պատերազմական իրավիճակում են»,- եզրափակեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները