ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբ. Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ռազմական ճանապարհները պետք է բացառվեն
Ռուսաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի ղեկավար բանակի գեներալ Վալերի Գերասիմովը` Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
«Մենք Գլխավոր շտաբի ղեկավարի հետ քննարկեցինք հետագա ռազմատեխնիկական համագործակցության հարցերը. դրա ընդլայնման համար կան հեռանկարներ: Ե´վ Ռուսաստանի, և´ Ադրբեջանի, և´ Հայաստանի համար գլխավոր խնդիրներից մեկը Ղարաբաղի հարցի լուծումն է այն հաշվով, որ առաջ շարժվենք և բացառենք դրա զարգացման ռազմական հնարավորությունները»,- ասել է նա:
Հասանովը նշել է, որ ՌԴ և Ադրբեջանի զինված ուժերի միջև համագործակցությունը զարգանում է բոլոր մակարդակներով և բոլոր ուղություններով, մասնավորապես` ռազմական շինարարությունում, կրթությունում, ռազմատեխնիկական համագործակցությունում:
«Վերջին տարիներին այս ուղղությամբ տարվում են մեծ ծավալի աշխատանքներ: Այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն Ռուսաստանից ստանում է ժամանակակից զինամթերք, հրասայլեր, զրահամեքենաներ, հրետանային համալիրներ: Այդ ամենը նպաստում է մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը», - համոզմունք է հայտնել Հասանովը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասով նա հավելել է. «Հույս ունեմ, որ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, Ռուսաստանը կնպաստի այս հարցի խաղաղ կարգավորմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում