Հայաստանի և Թուրքմենստանի նախագահները` միջազգային ասպարեզում համագործակցությունն ակտիվացնելու մասին
Նախագահ Սերժ Սարգսյանի` Թուրքմենստան կատարած պաշտոնական այցի բանակցությունների ընթացքում, որոնք անցել են բարեկամության և փոխվստահության մթնոլորտում, տեղի է ունեցել կարծիքների կառուցողական փոխանակում երկկողմ համագործակցության հարցերի ամբողջ համալիրի, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության շուրջ: Այս մասին հաղորդում են Նախագահի մամուլի գրասենյակից:
Ըստ աղբյուրի, նախագահները նշել են փոխհամաձայնության ձեռքբերումը հարցերի լայն շրջանակի վերաբերյալ:
Երկու պետությունների ղեկավարներն արտահայտել են միահամուռ կարծիք առ այն, որ 1992 թվականի հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-թուրքմենական համագործակցությունը հասել է նշանակալի արդյունքների:
Նշելով քաղաքական միջպետական երկխոսության բարձր դինամիկան` երկու երկրների ղեկավարները դրական են գնահատել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և ստորագրված փաստաթղթերի իրագործումը, գոհունակություն հայտնել հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակից, ինչպես նաև հաստատել դրանց հետագա խորացման պատրաստակամությունը:
Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահները փաստել են միջազգային քաղաքականության հիմնական հարցերի շուրջ դիրքորոշումների մոտ լինելը կամ համընկնումը, հաստատել միջազգային ասպարեզում փոխշահավետ համագործակցությունն ակտիվացնելու մտադրությունը: Նախագահներն ընդգծել են ջանքերի համադրման անհրաժեշտությունը համընդհանուր և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում, որոնց անդամ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունն ու Թուրքմենստանը: Կողմերը հաստատել են գլոբալ հարցերի լուծման, կայուն զարգացման ապահովման, աշխարհում անվտանգության և կայունության ամրապնդման գործում Միավորված ազգերի կազմակերպության և նրա հաստատությունների դերի բարձրացման կարևորությունը:
Ղեկավարվելով հիշատակված սկզբունքներով` ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի հիման վրա, երկու պետությունների ղեկավարներն արտահայտվել են բարձրագույն մակարդակում քաղաքական երկխոսության հետագա խորացման, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:
Երկու պետությունների ղեկավարները նշել են Տնտեսական համագործակցության հարցերով հայ-թուրքմենական համատեղ միջկառավարական հանձնաժողովի կարևոր դերը, մասնավորապես, հեռանկարային բնագավառներում գործնական փոխգործակցության ակտիվացման հարցում: Այդ կապակցությամբ, ընդգծվել է Հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը` առևտրատնտեսական կապերի բնագավառում կոնկրետ արդյունքների ձեռքբերման նպատակով:
Պետությունների ղեկավարներն արտահայտվել են երկու պետությունների տնտեսվարող սուբյեկտների և անհատ ձեռնարկատերերի միջև կապերի հետագա ամրապնդման օգտին և այդ համատեքստում ողջունել Աշգաբատում գործարար համաժողովի անցկացումը:
Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահներն առանձին ուշադրություն են դարձրել հումանիտար բնագավառում համագործակցությանը` ընդգծելով համապատասխան կազմակերպությունների, մշակույթի և արվեստի գործիչների, հետազոտական կենտրոնների, կրթական հաստատությունների ու զանգվածային լրատվամիջոցների միջև կապերի կարևոր նշանակությունը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն գիտության և տեխնիկայի, սպորտի և զբոսաշրջության բնագավառում համագործակցության զգալի ակտիվացման վերաբերյալ:
Երկու պետությունների ղեկավարները, ողջունելով Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի անցկացումը, պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի մշակույթի օրերի կազմակերպման համար:
Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի նախագահներն ընդգծել է երկկողմ համագործակցության իրավապայմանագրային հենքի հետագա կատարելագործման և ընդլայնման կարևորությունը:
Երկու պետությունների ղեկավարները հաստատել են համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, զենքի ապօրինի առևտրի դեմ պայքարի բնագավառում, ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ` համապատասխան միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին հայկական պատվիրակությանը ցուցաբերած հյուրընկալության, ջերմ և բարեկամական ընդունելության համար ու հրավիրել Թուրքմենստանի Նախագահին պաշտոնական այցով այցելել Հայաստանի Հանրապետություն` իրեն հարմար ժամանակ: Հրավերն ընդունվել է երախտագիտությամբ: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-9-ը Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրավերով կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Թուրքմենստան:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան