ՄԱԿ. Սիրիայում երաշտ է սպասվում
ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ Սիրիան երաշտի առջև է կանգնած, ինչը կարող է վտանգի տակ դնել միլիոնավոր մարդկանց կյանքեր: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
«Պարենի համաշխարհային ծրագիրը անհանգստացած է Սիրիայի հյուսիսում` հիմնականում Հալեպում, Իդլիբում և Համայում ակնկալվող երաշտով, քանի որ տեղումներն միջինից ավելի քիչ են, ինչը մեծապես ազդելու է հացահատիկի բերքի վրա»,-ասել է ծրագրի մամուլի խոսնակ Էղիսաբեթ Բիրսը` ավելացնելով, որ երաշտի շարունակման դեպքում այն կարող է վտանգի տակ դնել միլիոնավոր մարդկանց կյանքերը:
Նրա խոսքով, մեծ մտահոգություն ունեն, որ երաշտն ազդելու է Սիրիայի գյուղատնտեսության վրա` հաշվի առնելով, որ պատերազմի հետևանքով շարքից դուրս են եկել ոռոգման համակարգերը և գյուղատնտեսական մեքենաները:
Սիրիայի տուժած շրջանները սովորաբար ապահովում էին երկրի տարեկան հացահատիկի բերքի ավելի քան կեսը: Սիրիայում վերջին անգամ երաշտ գրանցվել էր 2008 թվականին: