Տիգրան Սարգսյանը հաջողված վարչապետ չէր Հայաստանի համար. Գագիկ Մակարյան
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողված վարչապետ չէր Հայաստանի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա, ըստ նրա, այստեղ նախ պետք է գնահատել նախարարների գործունեությունը:
«Ես կարծում եմ, որ եթե յուրաքանչյուր նախարարություն գոնե ամիսը մեկ առաջադեմ գաղափարով հանդես գար, տարեկան կունենայինք 12 գաղափար մեկ նախարարությունից, իսկ բոլորը միասին` 200 և, եթե դրանց 10 տոկոսն իրականացվեր, կունենայինք 20 գոնե իրականացված գեղեցիկ գաղափարներ»,- ասաց Գ.Մակարյանը:
Սակայն, ըստ նրա, այնպես է ստացվել, վարչապետը փորձեց ինքնուրույն ռեֆորմներն իրականացնել` իր վրա վերցնելով 30 խորհուրդների կառավարումը, արդյունքում` նախարարություններին զրկեց որոշակի ռեսուրսներից ու ֆինանսական հասանելիությունից: «Գուցե պատճառն այն էր, որ նա գիտեր, թե ինչ թիմի հետ է աշխատում, կամ` չէր վստահում այդ թիմին, կամ էլ կարծում էր, որ ինքն ավելի առաջադեմ է»,-նշեց նա` հավելելով, որ, այդուհանդերձ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կարողացավ որոշակի առաջադիմական խնդիրներ սահմանել, ինչը պետք է գնահատել:
Անդրադառնալով նոր վարչապետի նշանակմանը, Գ.Մակարյանն ասաց, որ ապագա վարչապետ պետք է ընտրել այնպիսի անձնավորության, որ ոչ թե զուտ կոնսեսուսի տարբերակով առաջադրվի, այլ ավելի շատ պրոֆեսիոնալիզմը իշխի, քանի որ յուրաքանչյուր կոնսեսուս առաջացնում է որակի անկում:
Ինչ վերաբերում է նոր ձևավորվելիք կառավարությանը, ապա Գ.Մակարյանը գտնում է, որ նախարարների 50 տոկոսին պետք է փոխել: Ըստ նրա` մեկ կամ երկու նախարարիների աշխատանքը կարելի է գերազանց գնահատել, երկու կամ երեքին` միջին, մնացածին` բավարար և անբավարար: Նրա խոսքերով` նախարարները կամ պետք է լինեն ռազմավարական մտածող, կամ` մենեջեր:
Գ.Մակարյանը նշեց, որ անկախ այն բանից, թե ով կդառնա վարչապետ, Ազգային ժողովը պետք է ունենա այն դերը, ինչը ուներ նախկինում, պետք է լինի օրենսդիր մարմին, այլ ոչ դառնա կառավարության կցորդ և որոշումները «դակող»: «Հանրապետական կուսակցությունը պետք է խիզախություն դրսևորի և առնվազն տասը պատգամավորի զրկի մանդատներից: ՀՀԿ-ն պետք է դրսևորի պրոֆեսիոնալ մոտեցում և ինքը սխալ որոշումները փորձի քննարկել, պարզաբանել և հետո հաստատել: Եթե այս մոդելը ստացվի, ապա մենք կունենանք հաջողված տարբերակ մեր երկրի կառավարության և ԱԺ-ի համար»,- ասաց նա:
Փաստաբան Նորայր Նորիկյանն էլ նկատեց, որ հին մարդկանցով նոր կառավարություն չեն ձևավորում: «Ցանկացած նոր կառավարությունից որքան մեծ են սպասելիքները, նույնքան էլ մեծ են լինելու հիասթափությունները: Կուզենայի, որ Տիգրան Սարգսյանի կառավարությանը նախանձելու հնարավորություն չտար նոր կառավարությունը»,- ասաց փաստաբանը: