Հայկական կոնյակը ե՞րբ մրցունակ կլինի եվրոպական շուկայում
2017 թ-ին Հայաստանում նախատեսվում է ներդնել կոնյակի փորձաքննության նոր չափանիշներ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Նրա խոսքերով` գոյություն ունի որակի վերահսկողության երկու մեթոդ, որը թույլ է տալիս ճշտելու կոնյակի տարիքն ու ծագման վայրը: Դրանք կոչվում են իզոտոպային մեթոդներ:
«Եվրոպայում այդ մեթոդները կիրառվում են 1960-ականներից սկսած և կա տվյալների բազա, որով հնարավոր է լինում վերահսկել տվյալ կոնյակի և’ ծագումը, և’ տարիքը»,- ասաց Ա. Հարությունյանը:
Ըստ գինեգործի` երկար ժամանակ փորձ էր արվում Հայաստանում ներդնել այդ մեթոդները, սակայն չէր ստացվում, քանի որ կոնյակ արտադրող ընկերությունները դեմ էին` ասելով, որ Հայաստանը դեռևս պատրաստ չէ անցնել նման վերահսկողության: Սակայն 2010 թ-ից օրենքով ամրագրվեց, որ 2017 թ-ից ուժի մեջ են մտնելու վերահսկողության նոր չափանիշներ:
«Այդուհանդերձ, այդքան էլ վստահ չեմ, որ այս անգամ էլ օրենքը ուժի մեջ կմտնի` հաշվի առնելով, թե ովքեր են զբաղվում կոնյակագործությամբ»,- նկատեց նա:
Տեղական արտադրողներն էլ մտավախություն ունեն, որ դրանով կտուժի հայկական կոնյակագործությունը, մինչդեռ Ա.Հարությունյանը հակառակն է պնդում:
«Եթե փորձաքննությունն անցկացվի նոր չափանիշներով, ապա կոնյակի շուկան առաջին հերթին կազատվի կեղծ արտադրանքից, կհանգեցնի որակի կտրուկ բարձրացմանը և հայկական կոնյակը մրցունակ կլինի եվրոպական շուկայում»,- ասաց Ա.Հարությունյանը:
Նա իհարկե չբացառեց, որ արդյունքում կոնյակի արտադրության ծավալները կնվազեն, բայց աշխարհը, ըստ նրա, մեզ ավելի լուրջ կընդունի, անվտանգության կանոնները կպահպանվեն և մարդիկ վստահ կլինեն, որ խմում են անվտանգ խմիչք:
«Իհարկե, ոչ ոք չի կարող ասել, թե կոնյակի քանի՞ տոկոսն է կեղծ, քանի տոկոսը` ոչ, բայց այդ կեղծը գոյություն ունի և դրա դեմ պայքարի միակ մեթոդը այդ նոր չափանիշները ներդնելն է»,- նշեց Ա. Հարությունյանը:
Ըստ ՀՀ ազզային վիճակագրական ծառայության տվյալների` 2013թ-ին Հայաստանում արտադրվել է 20 մլն 284.5 հազար լիտր կոնյակ, ինչը 2012թ-ի համեմատ աճել է 9.6%-ով (2012թ-ին արտադրվել է 18 մլն 514.1 հազար լիտր կոնյակ):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները