Ն.Փաշինյան. Աշխատել եմ ստեղծել հավասարակշռված նախագիծ, որը կսանձի «Սիքյուրիտի դրիմի» ախորժակը
ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջի միջոցով տեղեկացնում է, որ նախօրեին պաշտոնապես շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ պատգամավորի` նախագծի հիմնական նպատակն է էականորեն նվազեցնել ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման համար նախատեսված տուգանքի չափերը.
«Խոսքը այն խախտումների մասին է, որոնք առավել «սիրված են» «Սիքյուրիտի դրիմ» ընկերության կողմից: Մասնավորապես առաջարկվում է սահմանված առավելագույն արագությունը մինչև 10 կմ/ժ-ով գերազանցելու համար տուգանք սահմանել 3 հազար դրամ՝ գործող 10 հազարի դրամի փոխարեն: Առաջարկվում է՝ սահմանված առավելագույն արագությունը 11-20 կմ/ժ-ով գերազանցելու պարագան դիտարկել որպես առանձին իրավախախտում և դրա համար տուգանք սահմանել վեց հազար դրամը:
Գործող օրենսգրքում արագությունը գերազանցումը 11-30 կմ/ժ-ով դիտարկվում է մեկ փաթեթի մեջ և տուգանվում 30 հազար դրամով: Ի դեպ, 21 և ավելի կմ/ժ-ով արագության գերազանցման տուգանքներում որևէ փոփոխություն չեմ առաջարկել:
Նախագծով առաջարկել եմ տուգանքները թեթևացնել այն խախտումերի պարագայում, որոնք պայմանականորեն կարելի է անվանել «համեմատաբար նվազ վտանգավոր»:
Առաջարկվում է նաև վերացնել չվճարված տուգանքների եռապատկման և հնգապատկման պրակտիկան, եռապատկումը փոխարինելով մեկուկես անգամով, հնգապատկումը՝ կրկնապատկումով:
Աշխատել եմ ստեղծել հավասարակշռված նախագիծ, որը կսանձի «Սիքյուրիտի դրիմի» ախորժակը և չի բերի ճանապարհային ամենաթողության»,- գրառել է Նիկոլ Փաշինյանը: