«Կուտակայինի որոշ դրույթների հակասահմանադրական ճանաչելու գործընթացում ավելի շատ կար քաղաքականություն, քան իրավաբանություն»
«Սահմանադրական դատարանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի քանի դրույթների հակասահմանադրական ճանաչելու գործընթացում ավելի շատ կար քաղաքականություն, իշխանության ծրագիր, քան իրավաբանություն»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:
Այդուհանդերձ, ըստ փաստաբանի, ակնհայտ է, որ այս գաղափարի «ճարտարապետները» պարտություն են կրել, և ծրագիրը կարելի է համարել ամբողջովին տապալված ոչ միայն այն առումով, որ հանրության 80 տոկոսը դեմ է եղել օրենքին, այլև ապրիլի 2-ին ՍԴ-ն իր որոշմամբ գաղափարը ճանաչել է հակասահմանադրական:
«Անկախ այն բանից, թե առաջիկա վեց ամիսների ընթացքում նոր կառավարութունը ինչպիսի փոփոխություններ կփորձի անել, այս օրենքի վարվաբեկվածության աստիճանը այնքան խորն է, որ որևէ բան փրկելն անհույս է: Թեև այս ծրագրի սկիզբը համարվում է 2005թ-ը, այդուհանդերձ, այս ծրագրին միս ու արյուն է տվել Տիգրան Սարգսյանի կառավարությունը` ստանձնելով քաղաքական պատասխանատվություն: Չեմ ուզում հեռացած վարչապետի մասին միայն վատն ասել, բայց կարծում եմ, որ նրա քաղաքական ֆիասկոյի պատճառներից մեկն էլ կենսաթոշակային համակարգի ներդրման տապալումն էր»,- ասաց Ն.Նորիկյանը:
Ինչ վերաբերում է հարցի իրավական կողմին, ապա փաստաբանը նշեց, որ ՍԴ-ն որևէ ձևով չի պատճառաբանել, թե արդյոք կար անհրաժեշտություն, որ անվավեր ճանաչված հոդվածները ուժը կորցնեն վեց ամիս հետո:
«Ես գտնում եմ, որ ՍԴ-ի որոշումը որևէ ձևով պատճառաբանված չէ, ինչն էլ խառնաշփոթ է առաջացրել»,- նշեց նա:
Ն.Նորիկյանն ասաց նաև, որ ԱԺ պատգամավորները դիմել էին ՍԴ վիճարկելու օրենքի 8 հոդվածներ, սակայն ՍԴ-ն դրանցից հակասահմանադրական է ճանաչել երեք հոդված, իսկ հինգ հոդվածները ճանաչել է սահմանդրությանը հանապատասխանող այնքանով, որ դրանք չեն խաթարում քաղաքացու սեփականության իրավունքին:
«ՍԴ-ն «պարտադիր» բաղադրիչը ճանաչել է հակասահմանադրական, ուստի գտնում եմ, որ բոլոր գործատուները չպետք է մուծեն պարտադիր գումարները մինչև սեպտեմբերի 30-ը, քանի որ այդ գումարները վաղ թե ուշ վերադարձման ենթակա գումարներ են»,- ասաց Ն.Նորիկյանը` հավելելով, որ ՍԴ որոշման մեջ նշված է նաև վերահաշվարկի մասին, այսինքն` այդ գումարները բոլոր դեպքերում պետք է վերադարձվեն, եթե ոչ, ապա ըստ փաստաբանի, քաղաքացիներն իրավունք ունեն դիմել դատարան:
«Քաղաքացին կարող է ՍԴ որոշումը ձեռքին մտնել դատարան և իր գումարները հետ պահանջել»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հայտարարությանը, թե մինչև սեպտեմբեր օրենքը պետք է գործի, փաստաբանը նշեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ նման կետ չկա, որ ՍԴ նախագահը կամ անդամը կարող է մեկնաբանել ՍԴ որոշումը:
«Գագիկ Հարությունյանն ի պաշտոնե իրավունք չուներ նման հայտարարություն անել»,- նկատեց նա: