Սիրիայում նախագահական ընտրությունները չեն հետաձգվելու
Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ալ-Զոուբին հայտնել է, որ նախագահական ընտրությունները չեն հետաձգվելու և ռազմական գործողությունները շարունակվելու են` անկախ ընտրությունների ընթացքից. գրում է Reuters գործակալությունը:
«Ոչ ոք լիազորություն չունի հետաձգել կամ չեղյալ անել այս ընտրությունները, որոնք տեղի են ունենալու ըստ նշված ժամակացույցի: Մենք թույլ չենք տա անվտանգության, ռազմական, ներքին կամ արտաքին քաղաքական պատճառներով հետաձգվեն կամ չեղյալ հայտարարվեն նախագահական ընտրությունները»,-ասել է Ալ-Զոուբին:
Հիշեցնենք, որ Սիրիայում նախագահական ընտրությունները նախատեսված են հունիսին: Ընտրական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխության համաձայն` նախագահի թեկնածուն պետք է ստանա խորհրդարանի 250 պատգամավորից գոնե 35-ի աջակցությունը: Ըստ Սիրիայի սահմանադրության` նախագահն ընտվում է յոթ տարով երկու անգամից ոչ ավել:
Արդեն 11 երկիրը հայտարարել է, որ չի ընդունելու Սիրիայի նախագահական ընտրությունները: Նրանց թվում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կատարը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Հորդանանը, Թուրքիան և ԱՄԷ-ն: