Ուկրաինան դեռ վարկեր չի ստանա
Արժույթի Միջազգային Հիմնադրամի տնօրենների խորհուրդը Ուկրաինայի հետ համագործակցության ծրագիրը կարող է քննարկել ապրիլի վերջին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակը` հավելելով, որ ԱՄՀ-ն խորհուրդ է տվել վերացնել բյուջետային 60 մլրդ գրիվենի(5 մլրդ դոլար) ճեղքվածքը: Հայտնում է ուկրաինական «Սեգոդնյա» գործակալությունը:
«ԱՄՀ-ի կողմից մեր առջև դրած նախապայմաններ չկան: ԱՄՀ-ն եկավ, տեսավ և հայտարարեց, որ մեզանում խնդիրներ կան: Խորհուրդ տվեց մեր հայեցողությամբ չեզոքացնել 60 մլրդի անհավասարակշռությունը, և գնաց»- հայտարարել է նախարարը:
Նախարարը հավելել է, որ առանց ԱՄՀ-ի խորհրդատվության իրենք զբաղվում էին բյուջեյի պակասուրդի վերացման ուղղությամբ:
Շլապակի խոսքերով` ԱՄՀ-ն համագործակցության մասին ծրագիրը քննարկելու է ապրիլի վերջին, սակայն ԱՄՀ մեկնող ուկրաինական պատվիրակությունը բանակցություններ կվարի` այդ գործընթացը արագացնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարար Պավել Շերեմետան ավելի վաղ հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ ԱՄՀ-ի կողմից վարկերի առաջին տրանշը կստանան ապրիլ ամսին:
Ընդհանուր առմամբ նախատեսված է երկու տարվա ընթացքում ԱՄՀ-ից ստանալ 14-18 մլրդ դոլարի stand by վարկային միջոցներ, սակայն առայժմ փոխհամաձայնություն ձեռք չի բերվել կողմերի միջև:
Նշենք, որ ԱՄՀ-ի կողմից ստացվող վարկերով է պայմանավորված արևմտյան երկրների ֆինօգնության ծրագրերի մեկնարկը: ԵՄ-ն մշակել է Ուկրաինայի օգնության ծրագիր 11.6 մլրդ դոլար ծավալով, սակայն մեկնարկը կտրվի միայն ԱՄՀ-ի կողմից վարկերի առաջին տրանշի փոխանցումից հետո: