«Ճանաչեք դարի հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը» կարգախոսով վահանակներ` Բոստոնում
Ապրիլին Ուոթերթաունի, Քեմբրիջի և Ֆոքսբորոյի (Բոստոն, Մասաչուսեթս) փողոցներում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով վահանակներ կտեղադրվեն: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը:
Ձեռնարկի նախաձեռնողն է Peace of Art կազմակերպությունը, որն այս տարի հանդես է եկել «Ճանաչեք դարի հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը» կարգախոսով: 100 թիվը վահանակի վրա պատկերված է ձեռնաշղթաների տեսքով, որտեղ 100-ը 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին խորհրդանիշն է, իսկ ձեռնաշղթաները՝ ոճրագործության ժխտումը, որը 1,5 մլն մարդու կյանք խլեց:
Եթե Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր միջազգային հանրության կողմից, հնարավոր կլիներ խուսափել ազգային, կրոնական ու ռասայական հողի վրա մարդկության դեմ կատարվող հանցագործությունների կրկնությունից:
Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ցեղասպանության զոհ են դարձել քաղաքական պատճառներով ու ազգային զտումների հետևանքով:
Հայ ժողովուրդը պայքարում է դարի հանցագործության ճանաչման համար, սակայն աշխարհը կույր է մնում տարբեր երկրներում մարդկայնության դեմ կատարվող հանցագործությունների պարագայում: Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դատապարտի մարդկայնության դեմ նման հանցագործությունները:
«Հայոց ցեղասպանության ժխտումը ոճիր է զոհվածների հիշատակի առջև, ինչպես նաև նրանց ժառանգների դեմ: 100 տարի անց ժամանակն է ձեռնաշղթաներ հագցնել հանցագործներին: Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Հայոց ցեղասպանությունը վերապրածների մահվան հետ մոռացության կմատնվի, պետք է իմանան, որ միլիոնավոր հայերն ամբողջ աշխարհում շարունակելու են ճանաչում և արդարություն պահանջել»,- նշել է կազմակերպության նախագահ Դանիել Վարուժան Հեջինյանը:
Peace of Art-ը 2003 թվականից ի վեր վահանակներ է տեղադրում՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին, ՄԱԿ-ին ու Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: