Կարծիքներ. Բաքուն պատերազմ սկսելով իր համար մեծ խնդիրներ կստեղծի
Բաքվում ապրիլի 8-ին մեկնարկած ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբի պետերի կոմիտեի նիստի շրջանակներում, Ադրբեջանի պաշտպանության նախարարի ու Ռուսաստանի ԶՈՒ շտաբի պետի հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրին:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ իրենք ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման կողմնակից են. «Մենք գլխավոր շտաբի պետի հետ քննարկել ենք հետագա ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, կան այն զարգացնելու հեռանկարներ: Թե Ռուսաստանի, թե Ադրբեջանի, թե Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկը Ղարաբաղի հարցի լուծումն է այն առումով, որ առաջ շարժվենք և բացառենք դրա լուծման ռազմական ուղիները»:
Իր հերթին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշել է. «Հուսով եմ, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կնպաստի այդ հարցի խաղաղ կարգավորմանը»:
Թուրքմենստան կատարած այցի շրջանակներում տեղի ունեցած համատեղ ասուլիսում, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն անդրադարձել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով մասնավորապես նշել է. «Ես այսօր ևս մեկ անգամ ներկայացրեցի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված մեր սկզբունքային դիրքորոշումը ՝ հարցը կարող է և պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա: Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անվիճելի է, և դրա փաստացի կազմակերպումը պետք է ամրագրվի դե յուրե: Մենք շնորհակալ ենք Թուրքմենստանին՝ մեզ համար կարևորագույն հարցում ըմբռնման և չեզոքության համար»:
Panorama.am-ի հետ զրույցում, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Սարիբեկյանն ասաց, որ կողմերի համար էլ հասկանալի է` ԼՂ հիմնախնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով. «Իհարկե Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ պահվածքն ու գործողությունները սահմանին, սակայն ամեն դեպքում նրանք էլ գիտակցում են, որ պատերազմով ոչ միայն խնդիր չեն կարող լուծել, այլ պատերազմը վերսկսելով իրենց համար ավելի մեծ խնդիր կստեղծեն: Պատերազմն ավարտվել է ու եկել է ժամանակը, որ միջազգային հանրությունը ճանաչի Արցախի անկախությունը, այլ ճանապարհ չկա, այլ լուծում չկա»:
Ռազմական փորձագետ Դավիթ Սոֆիյանն անդրադառնալով վերոնշյալ հայտարարություններին, ասաց, որ ՌԴ ԳՇ պետի ասածը պետք է հասկանալ, որպես Ռուսաստանի դիրքորոշում, և մեր համար դա նորություն չէ. «ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, այնպես որ, դա նվազագույնն էր, ինչը կարող էր հայտարարել Վալերի Գերասիմովը: Իսկ այն, որ գեներալ Վալերի Գերասիմովի համար հարմար պահ էր` Ադրբեջանին այս մասին հիշեցնելու, փաստ է: Կարծում եմ, որ ռուս պաշտոնյաները ուշադիր են Ադրբեջանի վարած քաղաքականությանը Ուկրաինայի հարցում ու այն բացասական արձագանքներին, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով հնչում են Մոսկվայի հասցեին: Իսկ այն, որ Ղարաբաղի հարցի լուծուման խաղաղ ճանապարհը դա մեր նպատակն է նորություն չէ»:
Միաժամանակ ռազմական փորձագետը նշեց, որ նախօրեին տեղի ունեցած դիվերսիոն միջադեպը անմիջականորեն կապված է ԱՊՀ ԳՇ պետերի կոմիտեի նիստի հետ, որին այդպես էլ հնարավորություն չստացավ մասնակցել ՀՀ ՊՆ ներկայացուցիչը: Դ. Սոֆիյանն ասաց, որ եթե նույնիսկ դա լիներ միայն ականի պայթյունի հետևանք, ապա հասկանալի է, որ Ադրբեջանը նվազագույնը գտնվել է հայկական ու ադրբեջանական դիրքերի միջև գտնվող տարածքում, ամեն դեպքում փորձ է կատարվել մոտենալ հայկական դիրքերին: Նրա խոսքերով, հայ զինվորի` պարտականությունները գերազանց կատարելու շնորհիվ հնարավոր է եղել խուսափել մեզ համար բացասական հետևանքներից. «Ամեն դեպքում Ադրբեջանը «հնարավորություն» ստացավ ԱՊՀ ԶՈՒ շտաբի պետերի ներկայությամբ, հերթական սադրանքն իրականացնել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան