Սկզբում ասել են կիստա, վիրահատությունից հետո պարզվել է չարորակ ուռուցք. Մարդը անելանելի վիճակում է
44-ամյա Գեղամ Խաչատրյանը բժիշկների անփութության հետևանքով հայտնվել է անելանելի վիճակում, ասում է` քայլում է օդերով, չի հասկանում` ինչ է կատարվում իր հետ:
«Թշիս վրա գունդ էր եղել, մեծացել էր, որոշեցի գնամ ստուգման, մոտիկներս խորհուրդ տվեցին գնալ զինվորական հոսպիտալ, ասին` լավ մասնագետներ կան, գնա էնտեղ ստուգվի: Ստուգվելուց հետո սոնոգրաֆիա արեցին, բժշկուհի Մարգարիտա Հովհաննիսյանն ասաց պետք է շտապ վիրահատել: Պունկցիա արեցին, ասեղով հեղուկ քաշեցին, ես այդ հեղուկը տարել եմ Քանաքեռ ուռուցքաբանական անալիզ անելու: Տանում եմ անալիզ անելու, ինձ դրական պատասխան են տալիս և ասում են կիստա է, ուրիշ ոչինչ չկա: Ես էլ եկա զինվորական հոսպիտալ վիրահատեց Մարգարիտա Հովհաննիսյանը», -Panorama.am-ի թղթակցին պատմեց Գեղամ Խաչատրյանը:
Վիրահատությունից հետո, մեր զրուցակցի փոխանցմամբ, նրա մոտ նոր ու ավելի ուժգին ցավեր են առաջանում, բայց այս անգամ ականջի, վզի շրջանում: Ավելի ուշ պարզվում է, որ նրա այտի վրա գոյացությունը կիստա չէ, այլ չարորակ ուռուցք, որը վիրահատական միջամտությունից հետո սկսել է տարածվել, և ինչպես Գեղամն ասաց, հասել է վզի հատված: Ավելին, Ուռուցքաբանական կենտրոնում վիրահատությունից հետո դարձյալ դրական պատասխան են տվել Գեղամ Խաչատրյանին, իսկ ահա Դավիդյանց լաբորատոր ախտորոշման կենտրոնում անալիզի պատասխանները բացասական են ստացվել, որի համաձայն Գեղամ Խաչատրյանի մոտ քաղցկեղ է:
«Եթե ուռուցք էր ինչու ինձ չասեցին ավելի շուտ ու հիմա ես փաստի առաջ եմ կանգնել: Հասկանում եք, իմ կյանքն ա դրված հարվածի տակ: Ես չեմ իմացել դեղն ինչ է, դուք բժիշկներդ չեք հասկանո՞ւմ, ինչի հետ գործ ունեք, օր օրի ինձ նեղում է, ես նարկոտիկ եմ խմում, որ էդ ցավերը չզգամ: Ինձ տված բոլոր պատասխաններում նշվում է, որ էդ ուռուցքը 85 տոկոս աճ ունի: Հիմի ես ի՞նչ անեմ, ասեք», - բարկացած հարցնում է Գեղամ Խաչատրյանը:
Նա իր հետ կատարվածի մեջ մեղադրում է և զինվորական հոսպիտալի բժիշկներին, Ուռուցքաբանական կենտրոնի մասնագետներին, որոնք անալիզի սխալ պատասխաններ են տվել ու մոլորության մեջ գցել:
«Բժիշկները կպել են վերքին, ինչն էլ զարգացրել է դրա աճը: Եթե այդպես չանեին, կարող է ճառագայթման միջոցով վերացնեի դա: Իսկ իրանք կպան ու հիմա տարածվում ա ամբողջ գլխովս: Ինձ պետք ա էս ամեն ինչը վերանա, գնա: Ինձ համար էս ամեն ինչը երազ ա, երազ: Ինչի՞ պիտի սենց լիներ», -մոլորված ասում է Գեղամը:
Նա մտադիր է բժիշկներին պատժելու համար դիմել իրավապահ մարմիններին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները