«Եկեք, լավ էլի». Երևանի ոստիկանապետի ու ֆիննախ աշխատակազմի ղեկավարի հորդորներն ապարդյուն էին
Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանն իջավ Նալբանդյան փողոցը փակած ակտիվիստների մոտ և ասաց, որ ընտրեն մարդիկ, որոնց նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը կընդունի:
Ակտիվիստներն արձագանքեցին դժգոհ սուլոցներով և «ոչ» բացականչությամբ:
«Ճանապարհը բացենք, գնանք ժամացույցի մոտ, ֆինանսների նախարարը կիջնի, կընդունի ձեզ: Ձեզ հետ խոսում է Երևանի ոստիկանապետը, գիտի ինչ է ասում: Նախարարության աշխատակազմի ղեկավարն էլ կհաստատի»,- ասաց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Նաև հավելեց, որ ակտիվիստներն իրենց քայլով կամայականություն են դրսևորում: Ցուցարարներն էլ պահանջեցին, որ նախ նախարարի պաշտոնակատարն իջնի, ապա կբացեն փողոցը:
«Հիմա աշխատակազմի ղեկավարը նախարարի պաշտոնակատարին կուղեկցի այնտեղ: Եկեք այնտեղ: Եկեք, լավ էլի»,- ասաց նա:
Այս անգամ էլ, սակայն, բանակցությունները դրական արդյունք չտվեցին: Աշխատակազմի ղեկավարը լքեց փողոցը: