Պավել Կուրաչենկո. Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Հայաստանի և Գյումրու ռուսական ռազմաբազայի ՀՕՊ համակարգերը կգործեն միասին
Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում Հայաստանի և Գյումրու ռուսական ռազմաբազայի ՀՕՊ համակարգերը կգործեն միասին:Այս մասին այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերով Համակարգող կոմիտեի 40-րդ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Օդատիեզերական պաշտպանության զորքերի շտաբի պետ, Օդատիեզերական զորքերի հրամանատրի տեղակալ Պավել Կուրաչենկոն:
«Ինչպես դուք գիտեք ստեղծվել է ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կենտրոն, կազմակերպվել է հայկական կողմի և ռուսական ռազմաբազայի մարտական հաշվարկների միացյալ հերթապահություն:Նրանք գործում են միացյալ պլանի համաձայն և բնականաբար խնդիրների կատարման դեպքում կգործեն միասին»,-նշեց Պ.Կուրաչենկոն:
Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման գործընթացներին` բանախոսը նշեց, որ իրականացվել է շատ մեծ աշխատանք:
«Այս տարվա սկզբին հայկական կողմը քննարկել է համաձայնագիրը և այս տարվա սկզբին մենք ստացանք հայկական կողմի առաջարկների տարբերակը, որը քննարկեցինք մեր ռազմական գերատեսչությունում և կրկին ուղարկեցինք հայկական կողմին՝ հետագա համաձայնեցման համար»,-նշեց Կուրաչենկոն` հույս հայտնելով, որ մոտ ժամանակներս կողմերը այդ հարցում կգան համընդհանուր փոխըմբռնման: