Պեկինը վրդովված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի ճապոնամետ դիրքորոշումից
Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի ղեկավարի տեղակալ Ֆան Չանլունը հայտարարել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի կապերը ռազմական ոլորտում կարևոր դեր են խաղում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, սակայն Պեկինը չի հանդուրժում ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելի՝ ասիական տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին վերջերս արված մեկնաբանությունները:
Քառօրյա այցով Չինաստանում գտնվող ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը մինչև Պեկին այցելելը իր աջակցությունն էր հայտնել Ճապոնիային՝ Չինաստանի հետ Սենկակու վիճելի կղզիների պատկանելիության հարցում:
Իր հերթին, Չինաստանի պաշտպանության նախարար Չան Վանցյուանը Հեյգելի հետ հանդիպման ընթացքում հստակ հայտարարել էր, որ Պեկինը ոչ մի զիջումների չի գնա Չինաստանի տարածքային ամբողջականության հարցում և չինական կողմը ինքնիշխանություն ունի Դյաոյուդաո(Սենկակու) կղզիների նկատմամբ:
Հեյգելը արձագանքել է չինացի իր գործընկերոջ դիտարկմանը նշելով, որ բոլոր կողմերը պետք է զերծ մնան սադրիչ գործողություններից և ագրեսիայի կիրառումից:
Ճապոնա-չինական հարաբերություններում լարվածությունը պայմանավորված է Արևելա-չինական ծովում գտնվող Սենկակու վիճելի կղզիների շուրջ ստեղծված իրավիճակի հետ, որոնց պատկանելիության հայտ են ներկայացրել Պեկինը և Տոկիոն:
Սենկակու կղզիների պատկանելիության շուրջ հակամարտությունը երկու երկրների միջև սկիզբ է առնում դեռևս 1970-ական թթ.-ից:
Ճապոնական կողմը պնդում է, որ վերահսկում է կղզիները 1895թ.-ից, իսկ մինչ այդ կղզիները ոչ ոքի չեն պատկանել:
Չինաստանը հայտարարում է, որ կղզիները մտել են չինական կայսրության կազմի մեջ 600 տարի առաջ:
Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո կղզիները գտնվում էին ԱՄՆ-ի վերահսկողության տակ և դրանք վերադարձվել են Ճապոնիային 1972թ.-ին: Տարածքային վեճը հատկապես սրվեց 2012թ.-ի կեսերին, երբ Ճապոնիան հայտարարեց կղզիների ազգայնացման մասին:
Ճապոնիայի կառավարությունը այդ ժամանակ հայտարարել էր, որ 26 մլրդ իենով(26 միլիոն դոլար) կգնի կղզիները դրանց մասնավոր սեփականատերերից՝Կուրիհարա ընտանիքից:
Հատկանշական է, որ կղզիները շատ փոքր են և տնտեսական շահագործման համար ոչ պիտանի, սակայն դրանք հնարավորություն են տալիս մեծացնել տարածքային ջրերի և բացառիկ տնտեսական գոտու տարածքը:
Տոկիոյի` կղզիները ազգայնացնելու մասին հայտարարությանը հաջորդեց չինական կողմի պատասխանը՝ չինական ռազմածովային ուժերի 3 նավ ուղղություն վերցրեցին դեպի կղզիները, ինչը հերթական անգամ հանգեցրեց դիվանագիտական հարաբերությունների վատթարացմանը և Ճապոնիայի ԱԳՆ-ի բողոքի նոտայի հրապարակմանը:
Օրերս կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը կրկին անգամ հստակեցրեց Պեկինի պաշտոնական դիրքորոշումը կապված Սենկակու կղզիների պատկանելիության հետ:
Խուն Լեյը հայտարարել էր, որ հենց Ճապոնիան է միակողմանի սադրանքերի դիմում և ցանկանում փոփոխել Դյաոյուդաո(Սենկակու) կղզիների շուրջ ստեղծված իրավիճակը:
Նրա խոսքերով, այդ կղզիները պատկանում են Չինաստանին և Պեկինը ունի անկոտրուն կամք իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
Արտյոմ Բալասանով
Շարքի այլ հրապարակումներ՝
Թայվանի խնդիր ունեցող Չինաստանը զգուշանում է Ղրիմի հանրաքվեից
Պաշտոնական Պեկինը իր վրդովմունքն է հայտնել Օբամայի և Դալայ Լամայի հանդիպման կապակցությամբ
Պեկինը ամրապնդվում է նաև Հարավային Կովկասում
Իսլամական անջատողականությունը սպառնում է Չինաստանի միասնականությանը
ԵՄ-ն ընդլայնելու է բազմակողմ ռազմավարական կապերը Չինաստանի հետ
Սի Ձինպինի պատմական այցը Եվրոպա նոր էջ է բացում Չինաստան-ԵՄ ռազմավարական հարաբերություններում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան