Էդվարդ Սնոուդեն․Գաղտնալսումն անարդյունավետ է ահաբեկչության կանխման համար
Ապրիլի 8-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում տեղի ունեցավ քննարկում «Զանգվածային գաղտնալսում» թեմայով, որին Մոսկվայից տեսակամուրջով միացել էր նաև ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը։
Ինչպես Ստրասբուրգից հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, Սնոուդենը բավականին հանգամանալից ներկայացրեց ԱՄՆ-ի կողմից իրականացրած գաղտնալսումները՝ տեխնիկական մանրամասներով։
Սնոուդենն ասաց, որ զանգվածային գաղտնալսումները չեն կարող օգնել ահաբեկչությունների կանխմանը և արդյունավետ չեն։
«Գաղտնալսումների արդյունքում հասարակությունները դառնում են ոչ միայն անազատ, այլ նաև պակաս անվտանգ։ Սա միայն ԱՄՆ-ի խնդիրը չէ, սա գլոբալ խնդիր է աշխարհի համար»,-ասաց Սնոուդենը:
Նա նաև շեշտեց, որ ԱՄՆ-ի գաղտնալսումները բացահայտելու իր շարժառիթները կապված էին կառավարման բարելավման հետ, այլ ոչ թե ուղղված էին վնասելուն։ Սնոուդենն ասաց, որ ԱՄՆ-ը գաղտնալսում էր անգամ մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների գործունեությունը։
Քննարկմանը, որը կազմակերպել էր ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերով հանձնաժողովը, մասնակցում էին նաև Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Հանսյորգ Գայգերը, միջազգային իրավունքի պրոֆեսոր Դյուվե Կորֆը, որքեր ևս հանգամանալից անդրադարձան գաղտնալսմանը և «գաղտնազերծողների» անվտանգության խնդիրներին։