Տիգրան Սարգսյանը երկխոսության հրավերը կրկնեց փողոցում` «Դ!եմ եմ»-ի անդամների դիմաց (Տեսանյութ)
«Վար-չա-պետ, վար-չա-պետ» բացականչությունների ներքո «Դ!եմ եմ» նախաձեռնության ակցիայի մասնակիցներին քիչ առաջ մոտեցավ Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Եկեք միասին բարձրանանք ֆինանսների նախարարության դահլիճ` այնտեղ կարող է տեղափոխվել 100 մարդ, կարող ենք նստել և քննարկել: Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մշակում է համապատասխան փոփոխությունները, կարող եք դուք էլ ստեղծել այդ խումբը, նստենք քննարկենք», -հայտարարեց Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով, իրավասու մարմինները ակցիայի մանսակիցների առաջադրած բոլոր հարցերին կարող են պատասխանել:
«Եթե դուք ուզում եք դրանց պատասխանները ստանալ, ապա ևս մեկ անգամ ուզում եմ Ձեզ հրավիրել երկխոսության: Եկեք այդ հարցերը չքննարկենք փողոցում, մանավանդ, որ խախտում ենք մյուս քաղաքացիների` այս փողոցից օգտվելու իրավունքը: Կառավարության հրավերը ուժի մեջ է»,- դիմելով ակցիայի մասնակիցներին` հայտարարեց նախկին վարչապետը:
Այս հայտարարությունից հետո վարչապետի պաշտոնակատարը հեռացավ տարածքից` չլսելով մասնակիցների հարցերը, ակցիայի մասնակիցների սուլոցների ուղեկցությամբ: Ակցիայի մասնակից իրավաբան Մերի Խաչատրյանը տարակուսած նկատեց. «Ես չհասկացա, թե ինքն ով էր, որպես ինչ եկավ այստեղ, գնաց: Մենք տեխնիկական հարց էինք բարձրացնում, բայց ինքը սկսեց խոսել ինչ-որ աշխատանքային խմբի մասին»:
«Չի կարելի երկխոսել Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ»,- հայտարարեց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը` ընդգծելով, որ ապրիլի 12-ին հուժկու հանրահավաք են անցկացնելու Մատենադարանի մոտ: