Շ. Սեյիլով. Այսօր նախատեսվում է սահմանը հատած ՀՀ քաղաքացու վերադարձը հայրենիք
Ադրբեջանի պատանդների, ռազմագերիների և անհայտ կորածների հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ հանձնաժողովի անդամներն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այս պահին գտնվում են ղազախի շրջանում ու բանակցում են հայկական կողմի հետ` Հայաստանին Արսեն Խոջայանին փոխանցելու համար:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այս առնչությամբ Panorama.am-ին ասաց, որ այսօր, Արսեն Խոջայանի հարցով բանակցություններ են նախատեսված, սակայն այս պահին որևէ հստակ բան չի կարող հաղորդել:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունի ասաց, որ վերոնշյալ տեղեկությունները չի կարող հաստատել զուտ այն պատճառով, քանի որ ԿԽՄԿ-ն որպես կանոն պաշտոնական հաղորդագրություն է տարածում միայն բանակցությունների հաջող ընթացքի ու գերիների հայրենադարձումից հետո` խորհուրդ տալով իր հետ կապվել ավելի ուշ:
«Ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարություններն իրավասու չեմ մեկնաբանել և եթե ՀՀ քաղաքացու վերադարձի հարցով ընթացող բանակցություններում արդյունք լինի, ապա ԿԽՄԿ-ն տեղյակ կպահի»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջայանը սահմանը սխալմամբ հատել է սույն թվականի մարտի 7-ին` նախնական տեղեկություններով մառախուղի պատճառով մոլորվելու հետևանքով: Միաժամանակ հավելենք, որ 2013 թվականի օգոստոսին, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը հատած Հակոբ Ինջիղուլյանի հարցով դեռևս նոր տեղեկություններ չեն հաղորդվում: