Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը գնել է Ղրղզստանի պետական գազային ընկերությունը
Ռուսական «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչներն այսօր ղրղզական կողմի հետ համաձայնագիր են ստորագրել «Ղըրղզգազ» պետական գազային ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելու վերաբերյալ: Գործարքի արժեքը կազմում է խորհրդանշական մեկ դոլար: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Ռուսական ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերն հայտարարել է, թե նոր ընկերությունը կոչվելու է «Գազպրոմ-Ղրղզստան», որի նպատակը ղրղզ սպառողներին անհրաժեշտ ծավալներով բնական գազի անխափան մատակարարումն է լինելու: Համաձայնագիրը կնքվել է 25 տարի ժամկետով:
Երկկողմ պայմանավորվածությամբ, «Գազպրոմ» ընկերությունը 5 տարում 20 մլրդ ռուբլու ներդրումներ է իրականացնելու Ղրղզստանի գազաբաշխիչ ցանցում և շուրջ 700 կմ ձգվող գազատարների արդիականացման ոլորտում:
«Մենք մտադիր ենք նաև շարունակել երկրաբանական հետախուզական աշխատանքները Ղրղզստանի տարածքում, հանրապետության ներուժը բարձրացնելու նպատակով: Այսօր Ղրղզստանը արտահանում է 30 մլրդ կուբամետր գազ և մենք մտադիր ենք մեծացնել այդ ծավալը, ինչպես նաև ավելացնել գազի սպառողների քանակը երկրում»,- ասել է Միլլերը:
Համաձայնագրով ռուսական ընկերությունն իր վրա է վերցրել «Ղրղզգազ»- ի վճարային պարտավորությունները, որոնք կազմում են շուրջ 40 մլն դոլար: