Գերմանացի դիրիժոր Յուստուս Ֆրանցը՝ 1988-ի երկրաշարժի ժամանակ ցուցաբերած օգնության մասին
«Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես սկսեց իր խոսքը աշխարհահռչակ գերմանացի դիրիժոր Յուստուս Ֆրանցը: Նա պատմեց, որ Հայաստանի մասին առաջին անգամ լսել է Արամ Խաչատուրյանից, այնուհետև արդեն լսելով 1988 թվականի երկրաշարժի մասին, սկսել է բարեգործական ծրագրեր իրականացնել՝ ի օգուտ աղետից տուժածների:
Նշենք, որ արվեստագետը մի քանի օրում ձեռնամուխ է լինում Գերմանիայում հատուկ համերգաշարի իրականացմանը և գոյացած շուրջ 100 հազար գերմանական մարկի չափով հասույթը փոխանցում է Հայաստան: Յուստուս Ֆրանցն ասաց, որ գնացել է այդ քայլին հատուկ վերաբերմունք ունենալով Արամ Խաչատուրյանի, հայկական մշակույթի նկատմամբ, ինչպես նաև՝ «անհնար էր չհուզվել այն տեսարաններից, որ եղան 88 թվականի երկրաշարժի ժամանակ»:
Յուստուս Ֆրանցը հիմնել է նաև Ազգերի նվագախումբ, որի դիրիժորոն է մինչ օրս: Պատասխանելով հարցին, թե տարբեր ազգություններ ներգրաված լինելով նույն նվագախմբում, որոնց մեջ կարող են լինել նաև ազգամիջյան թշնամական հարաբերություններ, երբևէ խնդիրների չեն բախվե՞լ, դիրիժորն ասաց. «Շատ լուրջ խնդիրներ չեն եղել: Մի պատմություն եղավ. հայի և ադրբեջանցու միջև կոնֆլիկտ էր հասունանում: Պատերազմի շրջանում էր: Մի միջամտությամբ, հորդորով այն հարթվեց: Արվեստի մարդիկ չպետք է անեն այն, ինչ անում են քաղաքական գործիչները, քանի որ արվեստը միջոց է, որը պետք է կամուրջներ գցի»: