ՀՀ նոր վարչապետի անունը կհայտարարվի երկուշաբթի. ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց(տեսանյութ)
«Երկուշաբթի օրը կկայանա ՀՀԿ Խորհրդի և ԳՄ նիստը, որի ժամանակ էլ կհայտարարվի ՀՀ նոր վարչապետի անունը»,- այս մասին հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ՀՀԿ ԳՄ նիստի ավարտին:
Նա հավելեց, որ այս նիստում քննարկվել են ներքաղաքական զարգացումները և քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների ընթացքը:
Է.Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ այսօրվա ԳՄ նիստին մասնակցել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական էր տվել ապրիլի 3-ին:
Հրաժարականից անմիջապես հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀ նախագահը 13-րդ կառավարության կազմը կքննարկի ԱԺ մեծամասնության և բոլոր խմբակցությունների հետ:
Սահմանադրության պահանջով` ՀՀ Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո` 10-օրյա ժամկետում:
Այսօր արդեն երկրի ղեկավարի մամլո գրասենյակը հաղորդագրություն տարածեց, որ Նախագահը ՀՀ կառավարության ձևավորմանը նախորդող խորհրդակցություններ է անցկացրել ՀՅԴ, ԲՀԿ և ՕԵԿ ներկայացուցիչների հետ:
Նշենք նաև, որ հրաժարականի օրը, արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես էր եկել մեկնաբանությամբ` հայտարարելով`«Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված»