Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե Հայաստանում կանցկացվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի շուրջ քննարկումները կշարունակվեն մինչև հուլիսի 1-ը:
«Այսպես է նախատեսված. Հուլիսի 1-ից հետո մենք պետք է սպասենք նախագահի արձագանքին փաստաթղթի վերաբերյալ: Այն պահից, երբ ընդունվեց, գալիս է հաջորդ փուլը` տասն ամսվա ընթացքում մենք պետք է ներկայացնենք մշակված բարեփոխումների փաթեթը, որը ներկայացնելուց հետո դրանք պետք է գնան համապատասխան քննարկումների, նաև պառլամենտական քննարկումների», -այսօր ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը` ներկայացնելով ՍԴ բաեփոխումների հայեցակարգի նախագիծը:
Նա, վկայակոչելով ՀՀ Սահմանադրությունը, հստակեցրեց, որ Սահմանադրական փոփոխություններ կարող են նախաձեռնել ՀՀ նախագահը կամ ՀՀ Ազգային ժողովը:
«Եթե ՀՀ նախագահն է նախաձեռնողը, ապա դա պետք է ներկայացնել պառլամենտ, պառլամենտը հավանություն տա, նոր պառլամենտի հավանության պարագայում նախագահը նշանակում է հանրաքվե»,- հավելեց Գագիկ Հարությունյանը:
Նա նաև ասաց, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է կայանալ 2015-ի վերջին և 2016-ի սկզբին:
«Ավելի ուշ իրականացնելը ես համարում եմ ոչ տրամաբանական` նկատի ունենալով, որ 2017-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում, իսկ 2018-ին` նախագահական: Առնվազն գոնե մեկ տարի առաջ այդ փոփոխությունները պետք է կատարվեն, անցումային դրույթներ մշակվեն, որ կայուն զարգացում ապահովվի», -եզրափակեց հանձնաժողովի նախագահը:
Նախորդող հրապարակումներ`
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը առաջարկում է բարեփոխել կառավարման համակարգը (Տեսանյութ)
Մեզ համար անսպասելի էր նախագահի հայտարարությունը. Գագիկ Հարությունյան (Տեսանյութ)