Ղրիմը նոր Սահմանադրություն ունի
Այսօր առավոտյան Սիմֆերոպոլում մեկնարկած Ղրիմի 8-րդ գումարման Պետական խորհրդի արտահերթ նստաշրջանում ընդունվել է Ղրիմի նոր սահմանադրությունը: Այս մասին տեղեկացնում է «Վեստի.ուա»-ն:
Սահմանադրության նոր նախագիծը ընդունվել է միաձայն, քվերակությանը մասնակցել է 88 պատգամավոր:
Պետական խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովի փոխանցմամբ, Սահմանադրության ընդունման ժամկետների արագացումը պայմանավորված է Ղրիմի Հանրապետության` ՌԴ կազմում ներառվելու գործընթացի ամբողջական իրականացման խնդրով:
«Նորագույն պատմություն մենք մուտք գործեցինք փետրվարի 27-ին: Անցել է 43 օր այդ պատմական իրադարձությունից, սակայն ոչ բոլորն են իսկական ղրիմցի լինելու համար քննություն հանձնել: Բոլորը մեզ են նայում և մենք պետք է օրինակ ծառայենք»,- նշել է Վլադիմիր Կոնստանտինովը:
Նոր Սահմանադրությունը բաղկացած է 10 գլուխներից և 95 հոդվածներից: Այն ենթադրում է երեք պետական լեզու և հանրապետության ղեկավարի ինստիտուտ: Պետական խորհուրդը ունենալու է 75 պատգամավոր` որպիսին կարող է դառնալ Ռուսաստանի Դաշնության 21 տարին լրացած և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Սահմանադրության ընդունման հետ կապված Ղրիմի խորհրդարանականները նաև շնորհակալություն են հայնել այն 11 երկրներին, որոնք ՄԱԿ-ի ԳԱ-ում քվերակել են ղրիմցիների ընտրության օգտին:
Հիշեցնենք, որ Ղրիմի անկախության հանրաքվեն տեղի ունեցավ այս տարվա մարտի 16-ին: Երկրամասի անկախանալու և Դաշնային Սուբյեկտի կարգավիճակով Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու օգտին քվեարկել էր բնակչության 96.77 %-ը: