Բագրատաշեն-Սադախլո պետական սահմանի անցման կետերում կներդվի համալիր կառավարման եվրոպական չափանիշներ
Այսօր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, Հայաստանում Եվրամիության (ԵՄ) պատվիրակությունը, ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն համատեղ ներկայացրել են ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող «Բագրատաշեն» և «Սադախլո» պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում» (ԲՍՍՀԿ) ծրագրի նպատակները, խնդիրները, բյուջեն, իրականացման ժամկետներն ու հեռանկարները: Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ լրատվության ծառայությունից:
Ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 4,300,000 եվրո, նպատակ ունի հայ-վրացական պետական սահմանի «Բագրատաշեն» և «Սադախլո» անցման կետերում ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ, որոնք ուղղված կլինեն միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանմանը, ինչպես նաև մարդկանց միջսահմանային շարժի դյուրացմանը:
Դեսպան Հրիստեան ողջունել է Հայաստանի և Վրաստանի համապատասխան մարմինների հանձնառությունն՝ ուղղված երկու երկրներում սահմանների համալիր կառավարման համակարգերի ներդրմանն ու զարգացմանը՝ մասնավորապես նշելով. «ԵՄ-ի հիմքում դրված է տարածաշրջանային համագործակցությունը, և մենք նման նախաձեռնություններն օգտավետ ենք համարում նաև Հարավային Կովկասի համար: Ուստի, իմ հորդորն եմ հղում երկու երկրների սահմանի կառավարման ոլորտի մարմիններին շարունակել իրենց փոխգործակցությունն ու ընդլայնել տեղեկատվության փոխանակումը»:
Բացման խոսքում Բրեդլի Բուզետտոն հատկապես նշել է. «Հայաստանում ՍՀԿ համակարգերի նեդրման հիմնական նպատակը առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանումն է և քաղաքացիների սահմանահատման դյուրացումը՝ միաժամանակ ապահովելով պետական սահմանի անվտանգությունը: Այս ամենի համար անհրաժեշտ է հստակ իրավական դաշտ, ներգերատեսչական և միջգերատեսչական համագործակցության բարձր մակարդակ և սահմանի կառավարման ոլորտի մարմիններում թափանցիկության, հաշվետվողականության և պատասխանատվության աստիճանի բարձրացում: Նոր ծրագիրը հիմնականում ուղղված կլինի Հայաստանի կառավարությանը սահմանի կառավարման ոլորտի մարմինների կարողությունների հետագա զարգացման հարցում աջակցության տրամադրմանը, ինչպես նաև «Բագրատաշեն» անցման կետում ենթակառուցվածքների ստեղծմանը և սարքավորումների ու ՏՏ համակարգերի հատկացմանը»:
Ծրագրի շրջանակներում կկատարվի պետական սահմանի «Բագրատաշեն» և «Սադախլո» անցման կետերում ծառայություն իրականացնող Հայաստանի և Վրաստանի սահմանային գերատեսչությունների աշխատակիցների կարողությունների զարգացում մի շարք ոլորտներում` ներառյալ ստանդարտ գործառնական ընթացակարգերի մշակումը, փաստաթղթերի նույնականացումը, ռիսկերի գնահատումը և պրոֆիլավորումը, զննման մեթոդները, միջազգային հեղինակային իրավունքը և կեղծ ապրանքանիշերով ապրանքների նույնականացումը, փախստականների և ապաստան հայցողների իրավունքները, մարդկային ռեսուրսների կառավարումը և այլն:
Համաժողովին ելույթներով հանդես են եկել ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Միջոցառմանը ներկա էին միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային գերատեսչությունների պատասխանատուներ: