Գլխավոր դատախազությունը «Դ!եմ եմ»-ին զգուշացնում է` Ճանապարհ փակելը առաջ է բերում քրեական և վարչական պատասխանատվության
Գլխավոր դատախազությունը ապրիլի 9-ին «Դեմ եմ» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Հիշեցնենք` ակցիայի մասնակիցները նստացույց էին կազմակերպել, ինչի հետևանքով, տևական ժամանակով փակվել էր Երևան քաղաքի Նալբանդյան փողոցը, արդյունքում կաթվածահար էր եղել Նալբանդյան և հարակից փողոցների երթևեկությունը:
Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ ճանապարհ փակելը և երթևեկությանը խոչընդոտելը առաջ են բերում քրեական և վարչական պատասխանատվություն: Կրկնվելու դեպքում կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
ՀՀ գլխավոր դատախազությունն ընդգծում է, որ հավաքներ և երթեր անցկացնելու քաղաքացիների իրավունքի իրացումը չպետք է զուգորդվի հասարակական կարգի և այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների կոպիտ և միտումնավոր խախտումներով: Առավել ևս անթույլատրելի է, երբ հասարակական կարգի կոպիտ խախտումը և այլոց իրավունքների ոտնահարումը ինքնին դառնում է բողոքի ակցիայի հիմնական նպատակը: ՀՀ օրենսդրությունը ցանկացած բողոքի ակցիայի կամ հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին ընձեռում է բավարար հնարավորություններ՝ կազմակերպելու իրենց հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացումը առանց հասարակական կարգը կոպիտ խախտելու և այլոց սահմանադրական իրավունքները սահմանափակելու: