Գոյություն չունի ոչ մի դեղամիջոց, որը քայքայի ճարպային հյուսվածքը. դիետոլոգը` նիհարեցնող դեղերի մասին
Գոյություն չունի ոչ մի դեղամիջոց, որը քայքայի ճարպային հյուսվածքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը` անդրադառնալով նիհարեցնող դեղերին և տարբեր միջոցներին` թեյերին, սուրճին և այլն:
Նրա խոսքերով` ճարպից ազատվելու լավագույն միջոցը առողջ սննդակարգն է և ֆիզիկական ակտիվությունը: Ինչ վերաբերում է տարատեսակ նիհարեցնող թեյերին, լուծողական դեղերին, ապա, ըստ Հ.Աբովյանի, դրանք խիստ վտանգավոր են մարդու առողջության համար: Նրա խոսքերով` որոշակի թեյեր կամ դեղամիջոցներ կան, որոնք կարելի է խմել և նիհարել, բայց դրանք ընդամենը միզամուղ են և մարդուն ջրազրկում են` ցույց տալով, որ քաշը պակասել է: Մինչդեռ դրանք չօգտագործելու դեպքում քաշը կրկին ավելանում է, նույնիսկ ավելի շատ, քան նախկինում էր:
«Կան միջոցներ, որոնք լուծողական են և թույլ չեն տալիս, որ սննդամթերքը յուրացվի մարդու օրգանիզմի կողմից։ Բնականաբար, դրանց օգտագործումը լուրջ խնդիրներ կարող են առաջացնել»,- ասաց Հ.Աբովյանը:
Դիետոլոգ-էնդոկրինոլոգ նշեց նաև, որ վնասակար են նաև հակադեպրեսանտները:
Իսկ գիրությունից խուսափելու համար, նա խորհուրդ է տալիս փոքր չափաբաժիններով սնվել` օրական 5-6 անգամ և խմել շատ քանակությամբ ջուր:
Հ.Աբովյանը միաժամանակ նշեց, որ գիրությամբ տառապող մարդկանց թիվն աստիճանաբար ավելանում է, ցավոք սրտի, այն այսօր խնդիր է նաև երեխաների համար: Ըստ նրա` ծնողները պետք է առավել ուշադիր լինեն և հետևեն երեխաների սննդակարգին: «Երեխաներին մանկուց պետք է սովորեցնել, թե ինչպես պետք է սննվել, և ոչ մի դեպքում նրանց քաղցը չպետք է հագեցնել փողոցից գնված կարկանդակներով, քաղցրավենիքով: Ծնողները մատների արանքով չպետք է նայեն այդ խնդրին և երեխաներին թողնեն սնվել արագ սնունդով, չիփսերով, որոնք արհեստական են, հագեցած են քիմիական նյութերով, որոնք, բնականաբար, մեծ վտանգ են ներկայացնում»,- նշեց Հ.Աբովյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն էլ նկատեց, որ դեղորայքն առհասարակ չպիտի գովազդվի, քանի որ այն պետք է ընդունել միայն բժշկի նշանակմամբ ու խորհրդով: «Սրա պատասխանատուն Առողջապահության նախարարությունն է, որն էլ պատրաստվում է այս խնդրով զբաղվող երեք տեսչությունները միավորել»,- ասաց Ա. Պողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա