Թուրքալեզու տուրիստական կայքը Ղարաբաղը ներկայացրել է որպես անկախ պետություն
Զբոսաշրջության և ցուցահանդեսների կազմակերպման հարցերով զբաղվող թուրքալեզու «ֆուարսեփեթի» կայքը աշխարհի պետությունների ցանկում ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ): Դրոշով, պետական լեզվով և դրամական միավորով ներկայացված ԼՂՀ-ի մայրաքաղաք է սակայն նշված ոչ թե Ստեփանակերտը, այլ Հանքենդի թուրքական անվանումը: ԼՂՀ-ի մասին համառոտ ծանոթագրության մեջ նշված է նաև պատմական հայկական անվանումը` Արցախ:
Պատմական ակնարկի մեջ նշվում է, որ Սովետմիության փլուզումից հետո մեծամասամբ հայ բնակչություն ունեցող Ղարաբաղում բռնկվեց էթնիկ լարվածություն, ինչն էլ հանգեցրեց հայ-ադրբեջանական զինված հակամարտության: Տեղեկացվում է, որ Հայաստանի աջակցության արդյունքում հայերը «իրավական առումով» Ադրբեջանին պատկանած Ղարաբաղի և հարակից 7 շրջանների վրա կարողացան հիմնել անկախ պետություն:
Նշենք, որ հիշյալ կայքը պատկանում է 1980 թվականին Տոկիոյում հիմնադրված H.I.S. Travel (Highest International Standards) ընկերությանը, որը Թուրքիայում հանդես է գալիս որպես տուր-օպերատոր: Աշխարհում ունի 368 գործող գրասենյակ և ավելի քան 6000 աշխատակից: