Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ժամանակավրեպ է.Դեմոկրատական կուսակցության նախագահ
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ժամանակավրեպ է: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Ինձ համար անակնկալ չէր, որ այդպիսի փոփոխությունների փաթեթ է պատրաստվում, բայց ինձ թվում է, որ դա կարելի էր անել շատ ավելի ուշ, գոնե մեկ տարի անց, որովհետև այս պահին երկրի առջև ծառացած խնդիրները բացարձակ կապ չունեն այդ հայեցակարգի հետ»,- նշեց նա:
Ա. Սարգսյանն ավելացրեց, որ այդ հայեցակարգով ու բարեփոխումներով չէ, որ պետք է վերացվեն այն արատները, որ կան գործող համակարգում: Բացի այդ, նրա համար անակնկալ է եղել հանրապետության ղեկավարի հայտարարությունը, թե իր համար ընդունելի չէ խորհրդարանական մոդելին անցնելու տարբերակը, բայց ամեն դեպքում գնում է այդ քայլին:
«Եթե ընդունելի չի, ապա ով է պարտադրում գնալ դրան: Եթե խոսքը հասարակությանը առկա հիմնախնդիրներից շեղելու մասին է, ապա դա կարող է բացատրել հայեցակարգի ներկայացման հանգամանքը այս փուլում: Այլ պատճառ չեմ տեսնում, առավել ևս, որ նախագահը ինքը շեշտում է, որ համամիտ չէ, բայց համաձայնվում է գնալ դրան»,- ասաց դեմկուսի նախագահը:
Ըստ Արամ Սարգսյանի, եթե նա, ընտրվում է գերմանական մոդելը, որտեղ վարչապետը ամբողջական իշխանություն ունի, ապա դա այն զարգացած երկրների համար է, որտեղ նաև ժողովրդավարությունն է գործում: Իսկ Հայաստանի պայմաններում այդ իրավիճակը չունենք, ցավոք սրտի, ոչ թե ժողովրդի ու հասարակության կարծիքն է գերիշխում, այլ այն մարդկանց, ովքեր փող ու իշխանություն ունեն:
«Դրա համար, կրկնում եմ, սա ժամանակավրեպ է, ճիշտ կլիներ ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել այսօրվա խայտառակ փաստերին, որ կան երկրում, դրանց ի սպառ վերացմանը, հետո արդեն ժողովրդավարական ճանապարհ ընտրելու խնդիրներ լուծել»,- ընդգծեց նա: